Երգչուհի Ալլա Լեւոնյանն ի սկզբանե դեմ է եղել Հայաստանի մասնակցությանը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին, բայց միշտ ասում էր, որ եթե պետք է մեկնենք, ապա  պետք է մասնակցել հավուր պատշաճի, շատ ավելի լավ, քան եղել է մինչ այսօր: Այս մասին այսօր՝  մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը` Ալլա Լեւոնյանը: Նա նշեց, որ անձամբ շատ դեմ է մասնակցությանը, որովհետեւ կարծում է, որ ինչքան էլ «Եվրատեսիլը» լավ երեւույթ է, չի կարելի բարձր դասել մեր սկզբունքներից, ինքնասիրությունից:

«Կան սկզբունքներ, որոնց վրայով չի կարելի անցնել «Եվրատեսիլին» մասնակցելու համար, ի վերջո, կարելի է մյուս տարի մասնակցել: Եթե սահմանի վրա խախտումներ են արվում, տհաճ, վատ բաներ են անում, եթե սպանվում են մեր եղբայրները, կարելի է մենք էլ արհամարհենք նրանց, նրանք արժանի չեն»,-ասաց նա՝ հավելելով , որ սա պետք է ընկալվի արհամարհանք, ոչ թե վախ, որովհետեւ մենք հաղթել ենք եւ երգով չէ, որ պետք է բան ապացուցենք:

Նա հիշեց, որ Նյու Յորքում փառատոնին ադրբեջանցիները չէին մասնակցել՝ ասելով, որ դրանցից՝  հայերից  հետո պետք է ժավելով բեմը մաքրել: Եւ այդքանից հետո, Ալլա Լեւոնյանի խոսքով,  դրանք այն մարդիկ են, որոնց հետ չի կարելի կոմպրոմիսի գնալ: Երգչուհին, ում անունը նույնպես նշվել էր հայտարարության ներքո, նշեց, որ նամակի մասին ինքն էլ տեղյակ չէր, իրեն զանգահարել են Հանրային հեռուստաընկերությունից եւ հարցրել՝  կողմ եք, թե` դեմ:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ երգիչ Արսեն Գրիգորյանը` Մրոն, նշեց, որ «Եվրատեսիլին» մասնակցել-չմասնակցելը կենաց մահու հարց չէ, եւ ի սկզբանե պետք է բոլորիս պարզ լիներ, որ չպետք է մասնակցեինք: «Սա արժանապտվության խնդիր է: երիտասարդներն անմեղ զոհվում են, եւ այսօր մենք պետք է գնանք ու մասնակցե՞նք»,- ասաց նա՝ հավելելով, որ ովքեր մտածում են, որ պետք է գնանք, խորը չեն մտածում եւ մասնակցելու կողմնակիցներն են պատասախանատվություն կրելու: Նրա կարծիքով՝ մեծ բան չենք կորցնում չմասնակցելով, «մենք չենք բոյկոտում «Եվրատեսիլը», այլ չենք գնում Բաքու»:

NEWS.am-ի հարցին, թե ինչո՞ւ երգիչները այդպես համախմբված հանդես չեկան մինչեւ Հանրային հեռուստաընկերության հայտ ներկայացնելը, բանախոսները նշեցին, որ իրենք մինչ այդ եւս  հայտնել են իրենց կարծիքը: Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե երգիչների անունից հայտարարությունն իրականում գրվել է նախագահականում եւ երգիչներին միայն այդ մասին տեղեկացրել են  այն տարածելուց հետո, բանախոսները դա հերքեցին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի երգիչ-երգչուհիները փետրվարի 23-ին, հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը բոյկոտել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով եւ կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի:

Մենք կոչ ենք անում Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել այդ երկիր մասնակից ուղարկելուց եւ միաժամանակ հայտարարում, որ մենք այժմ էլ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլ-2012»-ին, եթե Եվրոպական հեռարձակողների միությունը որոշի մրցույթը տեղափոխել ցանկացած այլ երկիր, որտեղ կտիրի համերաշխության եւ հավասար մրցակցության այն մթնոլորտ, ինչն առկա էր անցած տարի Հայաստանում անցկացված «Մանկական Եվրատեսիլի» օրերին, որին, ի դեպ, Ադրբեջանը չմասնակցեց:

Հայտնում ենք նաեւ, որ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլի» բոլոր հետագա մրցույթներին»:

Հայտարարությունն ուղղված է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը եւ Եվրոպական հեռարձակողների միությանը:

Հայտարարությունը հրապարակելուց միայն մեկ օր հետ պարզ դարձավ, թե ովքեր են ստորագրել դրա տակ: