Հայաստանի կառավարությունը, Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ անցնելուց հետո, վերամշակել է հողահարկի ու գույքահարկի արտոնությունների տրամադրման մասին օրինագիծը: Այդ մասին այսօր` մարտի 1-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հարցը ներկայացնող տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ օրինագծում փոփոխությունները կատարվել են` հաշվի առնելով եւ պատգամավորական խմբակցությունների, եւ համայնքապետերի առաջարկությունները: Ըստ Վ. Տերտերյանի` օրենսդրական փաթեթը դարձել է ավելի հասցեական: Մասնավորապես` ներման ենթակա ապառքի (չվճարված հարկային պարտավորության) չափը հողամասերի համար 2 մլն դրամից իջեցվել է 1 մլն դրամի, իսկ փոխադրամիջոցների մասով 1 մլն դրամը դարձել է 0.5 մլն դրամ:

Հողահարկի համար 1 մլն դրամ շեմն ընտրվել է հետեւյալ մեթոդաբանությամբ:  Մեկ հա գյուղատնտեսական հողատարածքից հողահարկը լավագույն դեպքում կազմում է տարեկան 25 հազ. դրամ, իսկ տույժեն ու տուգանքները` 15 հազ. դրամ: Հետեւաբար` 10 տարում հարկ չվճարելու դեպքում այդ ապառքը չի կարող գերազանցել 1 մլն դրամը: Սակայն 1 հա-ից ավելի հողատարածք ունեցող խոշոր հողատերերը այդ արտոնությունից չեն օգտվի:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ կառավարությունը ցանկանում է 43 մլրդ դրամի հարկեր զիջել գյուղացիական տնտեսություններին: