Սումգայիթի ողբերգության 24-ամյա տարելիցը նշվել է նաեւ ԱՄՆ Կոնգրեսում: NEWS.am-ին Արտաքին Գործերի նախարարությունից հայտնեցին,որ կոնգրեսականներ Ֆ.Վոլֆը, Ջ.Չուն, Գ.Փեթերսը, Հ.Բերմանը, Դ.Սիսիլլին, Ա.Էշուն, Ա.Շիֆը, Ֆ.Փալլոնը, Բ.Շերմանը եւ ուրիշներ ելույթ են ունեցել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում եւ հանդես են եկել ընդարձակ հայտարարություններով: Ներկայացուցիչների պալատում կատարված ելույթները հեռարձակվել են նաեւ Կոնգրեսի աշխատանքը լուսաբանող համաամերիկյան ընդգրկում ունեցող հանրահայտ «C-SPAN» հեռուստաալիքով:

Կոնգրեսականներն իրենց ելույթներում ու հայտարարություններում դատապարտել են Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում իրականացված հայկական կոտորածները, Ադրբեջանի աճող ռազմական ծախսերը, հրադադարի խախտումները, սպառազինությունների կուտակումը, ռազմական հռետորաբանությունը, Ջուղայի խաչքարերի ոչնչացումը եւ այլն: