Ռաֆիկ Պետրոսյանը սեփական կարծիքի իրավունք ունի, բայց արտակարգ դրության մասին օրենքի տեքստը չի կարող տարընթերցումներ առաջացնել: Այդ մասին մարտի 1-ին կայացած ասուլիսում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը` մեկնաբանելով իր կուսակցի ելույթը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի շուրջ:
«Հարգում եմ Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքը, այդ թվում որպես մասնագետ-իրավաբանի, սակայն նա սահմանադրական իրավունքի մասնագետ չէ: Մասնագետները օրինագծում Սահմանադրությանը հակասող դրույթներ չեն գտել»,- ասել է Ա.Դավթյանը:
Նշենք, որ օրինագիծը թույլ կտա օգտագործել արտակարգ դրության պայմաններում հասարակական կարգի պահպանման համար, զինված ուժերը իրենց լիազորություններով եւ կիրառման կանոններով չեն տարբերվելու ոստիկաններից:
Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարել է, թե նախագահը ցանկանում է հասարակության մեջ պահպանել համերաշխությունը, սակայն չի բացառվում, որ ապագայում օրենքը կիրառվի որպես բռնապետության զենք:
Հայ ազգային կոնգրեսի անդամ Բագրատ Ասատրյանի կարծիքով, օրինագիծը լրամշակման կարիք ունի: «Դուք օրենքներ եք ստեղծում հասարակության համար, եւ երբ տեսնում եք, որ հասարակության զգալի մասը դեմ է դրան, կարող էիք լրամշակման ուղարկել եւ բերել այնպիսի տեսքով, որ հասարակության համար ընդունելի լինի»,- ասաց Ասատրյանը:
Այդուհանդերձ, թեպետ օրենքն ընդունվել է ընտրությունների նախօրեին, Բագրատ Ասատրյանը կարծում է, որ իշխանությունները չեն համարձակվի նոր «Մարտի 1» կազմակերպել:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



























