Երեւանի քաղաքապետարանի եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ դեռեւս նախորդ տարվա նոյեմբերից մեկնարկած, Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման պիլոտային ծրագրի արդյունքում, արդեն գազիֆիկացվել են թիվ 14 եւ 15 շենքերը: Գազամատակարարման փորձարկմանը մասնակցել են քաղաքապետարանի եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացուցիչները: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել կատարված աշխատանքներից` շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին եւ «ՀայՌուսգազարդին»` այս ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար:
16-րդ թաղամասի տիպային բարձրահարկ շենքերը նախատեսված չեն եղել գազիֆիկացման համար, ինչն էլ ավելի է կարեւորում այս ծրագրի իրականացումը, որը նաեւ բնակիչների կողմից երկար տարիներ բարձրացվող խնդիր էր:
Նշենք, որ գազիֆիկացման աշխատանքներն ավարտելուց հետո, շենքերից յուրաքանչյուրում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան 120 ընտանիքներ:
Ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է գազիֆիկացնել 16 թաղամասի մնացած բարձրահարկերը:




























