Մարտի 1-ից վերսկսվել է քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտների մշակութային օջախներ անվճար այցելության ծրագիրը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան եւ Երեւանի քաղաքի պատմության թանգարան այցելած դպրոցականները շրջել են ցուցասրահներով, ծանոթացել մայրաքաղաքի հիմնադրման եւ զարգացման պատմությանը: Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը նշել է, որ, հաշվի առնելով նախորդ տարվա ընթացքում կազմակերպված այցելությունների դրական արձագանքը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այս տարի նույնպես շարունակել ծրագիրը եւ քայլեր ձեռնարկել այն մշտական դարձնելու ուղղությամբ:
Թանգարանային էքսկուրսիայի շրջանակում երեխաները մասնակցել են խաղ-մրցույթի: Ստացած նոր տեղեկությունների եւ գիտելիքների շնորհիվ աշակերտները թանգարանից հեռացել են փոքրիկ հուշանվերներով եւ կրկին վերադառնալու ակնկալիքով:




























