«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, մարտի 3-4-ին, 1-ին անգամ կմասնակցի ամենամյա ԱՐՏԷՔՍՊՈ-ին եւ հանրությանը կներկայանա «Գրավոր ժառանգության ակունքներում» խորագրի ներքո : Արգելոց-թանգարանն  իրեն հատկացված տաղավարում  կներկայացնի  2011 թվականին իրականացված ժամանակավոր ցուցահանդեսներից մեկը, որը  բացվել է Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում` ՀՀ Մշակույթի նախարարության կողմից հայտարարված տարվա թեմայի` «Գրավոր ժառանգություն» համատեքստում:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից NEWS.am-ին հայտնում են, որ «Գրավոր ժառանգության ակունքներում. Սեպագիր» ցուցահանդեսի կազմակերպմամբ «Էրեբունի» թանգարանը նպատակ է հետապնդել սեղմագիր պաստառների միջոցով իր այցելուին «հարկադրել» մեկ անգամ եւս հանդես գալ որպես ընթերցող, մտորել թղթե նեցուկից եւ էլեկտրոնային կրիչից ընթերցանության շուրջ, ընտրություն կատարել  տպագիր ու  էլեկտրոնային գրքերի միջեւ: 2011թ. հոկտեմբեր-նոյեմբերին   բացված այս ցուցահանդեսը դիտել եւ ընթերցել են մոտ 4000 այցելուներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում միջին եւ  բարձր դպրոցահասակները: Թանգարանի կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ հասարակության շատ անդամների համար ցուցահանդեսում ներկայացված  բովանդակությունը եղել է ուսանելի եւ մատչելի տեղեկատվություն` հատկապես հայ գրատպության 500-ամյակի համատեքստում: Ցուցահանդեսի գլխավոր ուղերձը այցելուների համար եղել է ըմբռնելի եւ օգտակար: «ԱՐՏԷՔՍՊՈ-2012»-ի այցելուները  «Էրեբունի» արգելոց-թանգարանի տաղավարում հնարավորություն կունենան դիտել նաեւ սեպագիր գրություններ կրող հնագիտական առարկաների կրկնօրինակներ, այդ թվում` Ումեշինի ջրանցքի կառուցման արձանագրության  եւ  Սիսիանից հայտնաբերված արտաշեսյան սահմանաքարերից մեկի բազալտե կրկնօրինակները:

Օգտագործելով «ԱՐՏԷՔՍՊՈ»-ի հարթակը արգելոց-թանգարանը իր տաղավարում ներկայացված մեկ այլ մեծադիր պաստառով  կազդարարի Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ` 2012թ. ապրիլի 18-ին թանգարանում բացվող մեկ այլ ցուցահանդեսի մասին, որը նախաձեռնվել է Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի 40-ամյակին ընդառաջ: 1972թ. Փարիզում ընդունված ՙՀամաշխարհային մշակութային եւ  բնության ժառանգության պահպանության մասին կոնվենցիան՚, որին անդամակցում են 188 երկրներ, հանդիսանում է համաշխարհային ժառանգության պահպանության ամենից արդյունավետ գործիքներից մեկն ամբողջ աշխարհում : 1993 թվականից անդամակցելով Կոնվենցիային`

Հայաստանը եւս մասնակցում է համաշխարհային ժառանգության պահպանությանը : Այս համատեքստում հանդես գալով  Համաշխարհային ժառանգություն ճանաչված հնագիտական վայրերի  լուսանկարների ցուցահանդեսով` կշեշտվեն այն չափորոշիչները, որոնց առկայության դեպքում  ՅՈՒՆԵՍԿՕ-ն շնորհում է ՙՀամաշխարհային ժառանգություն՚ պատվավոր  կարգավիճակը : Անդրադառնալով հնագիտական համաշխարհային ժառանգությանը` արգելոց-թանգարանը նպատակ է հետապնդում  բարձրացնել Հայաստանի հնագիտական ժառանգության նկատմամբ պատասխանատվությունը եւ մտորել Համաշխարհային ժառանգության ցուցակում հայկական հնագիտական վայրերը ներկայացված տեսնելու հեռանկարի շուրջ: