Մարտի 1-ը սգալու օր չէ եւ հանրահավաքի եկածները չեն եկել սգալու: Այս մասին այսօր` մարտի 1-ին, Ազատության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքում հայտարարեց «Հայկական ժամանակ» թերթի գմբագիր Նիկոլ Փաշինյանը:
«Մենք եկել ենք հրապարակ իրար շնորհավորելու ընդհուպ բարիկադների վրա պայքարելու ունակ քաղաքացու ծնունդով:Այդ քաղաքացուն հնարավոր չէ սասանել, տապալել, այդ քաղաքացին կարող է անգամ հասնել հուսահատության եզրին, բայց երբեք չի անցնի եզրից այն կողմ: Որովհետեւ եզրից այն կողմ հարյենիքն է ու նրա ապագան»,-ասաց նա:
«Եկել է մի քանի շրջադարձային արձանագրումներ անելու ժամանակը: Մենք պետք է արձանագրենք, որ չի կարող ապագա ունենալ այն երկիրը, որտեղ հաստատված է սեփական ոժղովրդի վրա կրակած իշխանություն: Թշնամի վարչախումբը ժողովրդից է գողացել իշխանությունը, եւ ապրում է վախի մեջ, որ ժողովուրդը իշխանությունը ետ ստանալու կոնկրետ քայլեր կարող է ձեռնարկել:Վարչախումբը թշնամական իշխանություն է Հայաստանի համար, քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել հանցագործները, ապագայի, կենսամակարդակի բարձրացման, մարտունակ բանակի մասին որեւէ խոսակցություն ցնորք է:
Որքան Հայաստանում շատանում են բարեգործները, կրկնակի աճում է աղքատությունը, որքան աճում են տրանսֆերտները, այնքան նվազում են քաղաքացիները, որքան մարտունակ է դառնում բանակը, այնքան շատանում են խաղաղ պայմաններում մահացող զինվորները:
Թշնամական իշխանությունը մեծագույն ցանկության դեպքում չի կարող առաջընթաց ապահովել, քանի որ սնվում է սեփական ժողովրդի կենսական հյութերով»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը:
«Իմ խնդիրն է դատարանի առջեւ կանգնեցնել մի քանի անձանց: Ռոբերտ Քոչարյանը պետք է սահմանված կարգով մեղադրվի մարտի 1-ին անզեն ցուցարարների վրա հրազենային կրակ արձակելու հրաման տալու, բանակի ներգրավմամբ պետական հեղաշրջում իրականացնելու, սահմանադրական կարգը տապալելու, կոռուպցիայի, ազգային հարստության յուրացման համար: Նրա գույքն ամբողջությամբ ենթակա է բռնագրավման` հօգուտ Հայաստանի հանրապետության եւ ժողովրդի»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց նաեւ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Հայկ Հարությունյանի, Աղվան Հովսեփյանի անունները: «Պատասխաատվության պիտի ենթարկվեն նաեւ Գորիկ Հակոբյանը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Վլադիմիր Գասպարյանը, Անդրանիկ Միրզոյանը, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը եւ բոլոր նրանք, ում արարքները առաջացնում են քրեական պատասխանատվություն»,-ընդգծեց Փաշինյանը:




























