Ադրբեջանի հյուսիսում գտնվող Գուբայի շրջկենտրոնում կատարված իրադարձությունները  հիշեցնում են անցած տարի դեկտեմբերին Ղազախստանի Ժանաոզեն քաղաքի հուզումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՄՊՀ հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի  քաղաքական կանխատեսման ծառայության ղեկավար Ալեքսանդր Կարավաեւը` ավելացնելով, որ իրադարձություններն սկսում են զարգանալ, ինչի կապակցությամբ  դեռ վաղ է եզրահանգումներ անել:

«Իրավիճակն ինչ-որ զարգացում պետք է ունենա, սակայն տեղեկատվությունը քիչ է: Այդ հանգամանքը թույլ չի տալիս ավելի մեծ հավանականության կանխատեսումներ անել հետագա զարգացումների առումով»,-նշեց Կրավաեւը: Նրա խոսքով` եթե Ժանաոզենում հուզումների պատճառը հայտնի էր, ապա Գուբայի դեպքում ոչինչ պարզ չէ:

«Առաջին հերթին պետք է հասկանալ պատճառը: Հնարավոր է, այստեղ գործ ունենք ինչ-որ կլանային պատերազմի, տեղական հակասությունների,  տեղական իշխանություններից բնակչության դժգոհության հետ»,-կարծում է քաղաքագետը:

Զուգահեռ անցկացնելով «արաբական գարնան» հետ, Կարավաեւը նշեց, որ  իրադարձությունները Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում ձգվում էին ավելի երկար ժամանակ, այդ իսկ պատճառով  առայժմ վաղ է դատել, արդյոք Գուբայի հուզումները «արաբական գարնան» արտահանման առաջին պտուղներն են, թե ոչ:

Բացի այդ, ըստ փորձագետի, ԶԼՄ-ները տեղեկություններ չեն հաղորդում  ժողովրդական դժգոհության բռնկման նախապատմության մասին, ինչը նույնպես նշանակալի դեր կունենա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Գուբայում  անկարգությունների պատճառ են դարձել շրջանային վարչակազմի ղեկավար Ռաուֆ Խաբիբովի` բնակիչներին ուղղված վիրավորական  արտահայտությունները:

Պաշտոնյան օրերս հողատարածքների վաճառքի հետ կապված գուբացիներին մեղադրել էր նրանում, որ վեջիններս «վաճառել են իրենց եւ իրենց շրջանը»:Ըստ ադրբեջանկան ԶԼՄ-ների`մարտի 1-ի առավոտից տեղական իշխանության վարչական շենքի մոտ մինչեւ տասը հազար մարդ է հավաքվել: Նրանք պահանջել են պաշտոնյայի հրաժարականը եւ քարեր նետել շենքի վրա:

Խաբիբովը գնացել է ցուցարարների մոտ եւ ներողություն խնդրել, սակայն հավաքվածները չեն ցրվել` շարունակելով պահանջել նրա հրաժարականը: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցները փորձել են ցրել ամբոխը: Սկսվել են բախումներ: Միաժամանակ, քաղաքային ոստիկանությունում լրագրողներին հայտնել են, որ «շրջանում ոչինչ չի կատարվում»: