Թերթը գրում է, որ կրպակների հետ կապված կարծես թե ամեն ինչ պարզ է. Աբովյան փողոցի վրա կային շատ տգեղ կրպակներ եւ մեր գրեթե բոլոր քաղաքապետները առնվազն մեկ անգամ անդրադարձել են այդ թեմային` բնականաբար քաղաքի տեսքը գցող այդ անընդունելի շինությունների ապամոնտաժման գաղափարին կողմ լինելով: Այդ խոստումներից միայն մեկը իրականացավ, բայց ի՞նչ գնով:

Թեման շատ է արդեն ծեծվել եւ մենք նույնպես անցյալ համարում անդրադարձանք «Մաշտոցի պուրակում» տեղի ունեցող իրադարձություններին: Մեզ իրավունք ենք վերապահում գուշակել պուրակի պատմության ավարտի երեք հիմնական տարբերակները.

1. Իշխանությունները այնքան են ձգում պրոցեսը, որ մարդին մոռանում են արդեն այդ պուրակի մասին, ինչպես այն 20 տարի մոռացված էր մեր կողմից, եւ բոլորը կենտրոնանում են ԱԺ ընտրությունների վրա: Այդ տարբերակի դեպքում կիսաքանդ կրպակները այդպես էլ կմնան այգում` կրպակատերերին ընտրություններից հետո վերսկսման խոստումով:

2. Գտնվում է իրբ թե հաշտության մի տարբերակ, ինչպես առաջարկում էր մեր տաղանդավոր գլխավոր ճարտարապետը, որ հագուստի խանութների փախարեն կրպակներում վաճառվեն գրքեր: Նարեկ Սարգսյանի փայլուն մտքերի քննարկումը կթողնենք Հանրային խորհրդին եւ մեր ընթերցողներին:

3. Երազանք- ցանկություն տարբերակ, երբ քաղաքապետը  ձեռքը խփում է սեղանին եւ խուճուճավոր, մաքսա- հարկայինավոր եւ սեւ ուժերին դուրս է հանում երեխաների ագյուց:

Խոստովանեմ, որ մինչեւ այն օրը, երբ «Ապագա» շաբաթաթերթի խմբագրություն զանգահարեց եւ բակի մեջտեղում, երեխաների գործող խաղահրապարակի փոխարեն կառուցվող շինության նկարը ուղարկեց Աբովյան փողոցի բնակիչը, մենք միամտաբար սպասում եւ հավատում էինք 3-րդ տարեբարակին: Երեւան քաղաքում բնակվող յուրաքանչյուր մարդ, ով գոնե մեկ անգամ եղել է Աբովյան-Տերյան փողոցների միջեւ ընկած  այդ բակում (այստեղ է գտնվում Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին),միանգամից կհասկանա թե ինչ է արել քաղաքապետարանը, իսկ այն երեւանցիները, ովքեր չեն եղել այնտեղ ուղղակի պետք է տեսնեն: Երեւան քաղաքի «Վերջին Մոհիկան» բակում, որտեղ դեռ երեկ խաղում էին երեխաներ կառուցել մի հսկա քարե շինություն չունի ոչ մի արդարացում, ոչ մի բացատրություն »,- գրում է «Ապագա»-ն: