«Նարեկացի» արվեստի միության միջոցառումների գարնանային 8-րդ շրջանը կբացվի այսօր` մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին, մեծ համերգով եւցուցահանդեսով: NEWS.am-ին «Նարեկացի» արվեստի միությունից հայտնեցին, որ ցուցահանդեսին կներկայացվի հայ կերպարվեստի եւ լուսանկարչության մերօրյա ամենաակնառու ստեղծագործողների աշխատանքները. Հակոբ Հակոբյան, Ռոբերտ Էլիբեկյան, Արտո Չաքմաքչյան, Սարգիս Համալբաշյան. Արարատ Սարգսյան, Զավեն Սարգսյան, Վարդան Պետրոսյան, Արթուր Մանուչարյան, Տիգրան Մատուլյան, Սուրեն Մանվելյան, Անատոլի Ավետյան, Հակոբ Հովհաննիսյան: Միջոցառմանն ընդառաջ՝ հիշատակված բոլոր արվեստագետներն էլ ցուցադրվող իրենց աշխատանքները նվիրել են «Նարեկացի» արվեստի միությանը՝ ի գնահատանքն Միության ծավալած գործունեության:
Հեղինակային կատարումներով հանդես կգան Ռուբեն Հախվերդյանը, Վահան Արծրունին, Վարդան Գալստյանը, դաշնամուրի ջազային իմպրովիզացիաներով՝ Վահագն Հայրապետյանը եւ Ստեփան Շաքարյանը, դաշնամուրի դասական կատարումներով՝ Լևոն Իսկենյանը եւ Լևոն Կարապետյանը, իսկ վոկալ ելույթով՝ անզուգական սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը:
Այս մեկնարկով կազդարարվի «Նարեկացի»-ի գարնանային միջոցառումների շրջանի բացումը, որի շրջանակներում արդեն նախատեսված են վարպետության 10 դաս ականավոր կոմպոզիտորների եւ երաժիշտների հետ, ժողովրդական եւ ազգագրական արվեստի 10 համերգ, հազվադեպ կատարվող կամերային երաժշտական գործերի 10 համերգ, ազգագրական պարի ու դրանց պատմությունը ներկայացնող 10 բաց դաս, մարզերում բնակվող արվեստագետների 2 ցուցահանդես, հաշմանդամություն ունեցող ստեղծագործողների 2 համերգեւ1 ցուցահանդես, մանկական ճանաչողական անիմացիաների 5 ցուցադրություն, տաղանդավոր երեխաների 3 համերգ, սկսնակ կատարողների 3 համերգ: Ընթացիկ այս միջոցառումներից զատ՝ նախատեսված են բազմաթիվ հատուկ ծրագրեր, որոնց թվում՝ լեհական կինոյի տարվա մեկնարկը մարտ ամսվա վերջին, որ «Նարեկացի»-ն իրականացնում է Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ:




























