ԵՄ Խորհուրդը ցանկանում է ազատ մուտք դեպի Ղարաբաղ եւ Հայաստանի համար արտոնագրերի ռեժիմի պարզեցում, ազատ առեւտուր եւ ժողովրդավարության զարգացում: Փետրվարի 27-ին ԵՄ-ի Արտաքին գործերի խորհուրդը սահմանել է ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ հարաբերությունների շրջանակները մոտ ապագայի համար:

«Խորհրդի հայտարարության մեջ նկարագրվում է ոչ միայն Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների մի նոր որակ, ներառյալ արտոնագրերի ռեժիմի պարզեցումը եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտին (ԽՀԱԱԳ), այլեւ հետագա աջակցության եւ ինտեգրման պայմանները: Ավելին, ԵՄ-ն ակնկալում է, որ Եվրամիության պաշտոնյաները պետք է առանց խոչընդոտների այցելեն Լեռնային Ղարաբաղ եւ ներգրավեն ԼՂ-ն՝ անտեսելով անթույլատրելի ճնշումները Ադրբեջանի կողմից: ԵՄ Խորհրդի այս նոր հստակ որոշման հետ համատեղ, այժմ մենք ակընկալում ենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լէֆորտը, դեսպան Տրայան Հրիստեան եւ այլ ԵՄ պաշտոնյաներ ոչ միայն կայցելեն Լեռնային Ղարաբաղ եւ կկարողանան ունենալ տեղեկություններ իրական իրավիճակի վերաբերյալ, այլ նաեւ կնպաստեն վստահությունը ամրապնդող միջոցառումների ստեղծմանը: ԵՄ-ն ունի դրա համար հարկավոր կարողությունը եւ չեզոքությունը»,- մեկնաբանել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար՝ Մայքլ Քամբեքը:

Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին, ԵՄ Խորհուրդը կոչ է անում ԵՄ-ին ավելի անմիջական ներգրավում դրսեւորել վստահությունը ամրապնդող միջոցառումների մեջ, շարունակելով աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին եւ այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներին, որոնք անցյալ տարվա Կազանի գագաթնաժողովում չհաջողվեց ընդունել՝ նախագահ Ալիեւի կողմից վերջին րոպեին ներկայացված փոփոխությունների մի երկար ցանկի պատճառով:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա Խորհուրդը ընդգծում է Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը, հատկապես մայիսյան խորհրդարանական ընտրությունների պատշաճ անցկացումը: ԵՄ-ի հետ ինտեգրման մակարդակը եւ աջակցության ակնկալիքները պայմանավորված են Հայաստանի կողմից իր հանձնառությունների իրականացմամբ: Հանձնառություններ, ինչպիսիք են պայքարը կաշառակերության դեմ, անկախ դատաիրավական համարարգի ամրապնդումը եւ այլն: