2011թ-ին  մարտից Հայաստանի 9 մարզերի 54 համայնքներում եւ Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում գրանցվել է կրթությունից դուրս մնացած 101 երեխա: Այս մասին, այսօր` մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» ներկայացուցիչ, մարզային համակարգող Հասմիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այդ երեխաները կրթությունից դուրս են մնացել, հիմնականում, ընտանիքի սոցիալապես անապահով լինելու պատճառով: Այդ ընտանիքներում երեխաները ներգրավված են լինում տարբեր աշխատանքերում: Մեծ է նաեւ հատուկ կրթության կարիք  ունենալու պատճառով կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը:

Հ. Հովհաննիսյանի ներկայացմամբ, գրանցվել են նաեւ դեպքեր, երբ երեխաները դպրոցից դուրս են մնացել խտրական վերաբերմունքի պատճառով: Ուսումնասիրության արդյունքերի հիման վրա մշակվել են առաջարկություններ` ուղղված պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, շահագրգիռ ոչ կառավարական կազմակերպություններին: