Երեւանում, այսօր` մարտի 2-ին, կազմակերպվել է միջոցառում, որտեղ քննարկվել են Հայաստանում պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման համակարգին նվիրված հետազոտության արդյունքներն ու առաջարկությունները։

Հետազոտությունը իրականացվել էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Նպատակն էր` խթանել քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները եւ նպաստել ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալների թվի նվազեցմանը: Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերաբերյալ բարեփոխումները ներառվել են ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների միջոցառումների ծրագրի մեջ:

«Դատապարտված անձինք հաճախ իրենց մտահոգությունն ու դժգոհությունն են հայտնում Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմի վերաբերյալ: Հուսով ենք, որ հետազոտության մեջ տեղ գտած առաջարկությունները կնպաստեն համակարգի բարելավմանը եւ քրեական արդարադատության  համակարգի նկատմամբ վստահության եւ վերականգնողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը», նշել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:

Հետազոտությունը ներառում է Հայաստանի օրենսդրության վերլուծություն միջազգային չափորոշիչների տեսանկյունից եւ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում: Այն նաեւ ներկայացնում է մի շարք առաջարկություններ որոշում ընդունելու գործընթացի հիմնական սկզբունքների եւ չափորոշիչների, քրեակատարողական հաստատությունների դերի, հսկողության, պայմանների փոփոխման եւ պայմանական վաղաժամկետ ազատման վերացման վերաբերյալ:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը հավելել է. «Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխումը եւ բարեփոխված համակարգի աշխատանքների արդյունավետության ապահովումը պահանջում են առնվազն մի քանի տարիների անընդմեջ աշխատանք: Առաջին հերթին, անհրաժեշտ է վերանայել որոշում ընդունող մարմինների որոշ լիազորությունները, կազմը եւ ընթացակարգերը, ինչպես նաեւ ներդնել նոր գործիքները: Քրեակատարողական հաստատությունները չպետք է մասնակցեն որոշում ընդունելու գործընթացին: Երկրորդը` անհրաժեշտ է ստեղծել անկախ պրոբացիայի ծառայություն, որտեղ կաշխատեն հատուկ ուսուցում ստացած մասնագետներ»:

Հետազոտությունը անցկացվել է 2011թ. մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Հետազոտության շրջանակներում անանուն հարցազրույցներ են անցկացվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովների ներկայիս եւ նախկին անդամների, պաշտոնատար անձանց եւ մասնագետների հետ, այդ թվում` դատավորների, փաստաբանների: