Երեւանի փակ շուկայի տարածքում իրականացվող քանդման աշխատանքների մասին ստացված ահազանգի հետ կապված, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության եւ հասարակական կարգի պահպանման վարչության պետերին անձամբ այցելել նշված վայր, ծանոթանալ իրավիճակին եւ ձեռնարկել համապատասխան քայլեր:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղում պարզվել է, որ կառույցի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով կազմվել է արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար: Աշխատանքները դադարեցված են եւ տարածքը վերցված է խիստ հսկողության տակ:




























