Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` մարտի 2-ին, ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: NEWS.am-ին ՏԿՆ-ից հայտնեցին, որ փոխվարչապետը շնորհավորել է դիվանագետին` առաքելության ստանձնման կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ բազմակողմ եւ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի: Նրա խոսքով` վերջին տարիներին գրասենյակի հետ արդյունավետ համագործակցություն է արձանագրվել մասնավորապես մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում` թրաֆիքինգի դեմ պայքարի, միգրացիոն հարցերում, առանձնացրել նաեւ մարզերում բնապահպանական` Օրհուսի կենտրոնների աշխատանքը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին ընդգծել է, որ կանի առավելագույնը` համագործակցության բարձր մակարդակը պահպանելու համար:Նա նշել է, որ բացի իրականացվող ծրագրերից, հայկական կողմը կարող է նաեւ նոր նախագծերի վերաբերյալ գաղափարներ, առաջարկություններ ներկայացնել` ԵԱՀԿ ղեկավարության հետ քննարկելու համար: Ըստ դեսպանի` երկու կողմերի փոխգործակցությունն ուղղված է ընդհանուր նպատակի` տնտեսության զարգացմանը, ընտրական գործընթացների ժողովրդավարացմանը նպաստելուն, եւ այդ ուղղությամբ կատարված աշխատանքները տեսանելի են:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ընտրական գործընթացներում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման, մի շարք այլ հարցերի շուրջ:




























