Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` մարտի 2-ին, ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձել են հունվարի 23-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի, եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության իրագործման ուղիներին:
Այդ առումով նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում Բաքվից հնչում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին հակասող հայտարարություններ, որոնք հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանում լուրջ չեն վերաբերվում իրենց իսկ կողմից ստանձնած պարտավորություններին:




























