Հայաստանում անմարդկային վերաբերմունքի դեպքերը հիմնականում արձանագրվում են ոստիկանության բաժանմունքներում: Այսօր` մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման տվյալներ է ներկայացրել «Հայաստանի հելսինկյան կոմիտեն»` 2011-ի իր զեկույցը ներկայացնելիս:

Զեկույցում նշվում է, որ 2011թ-ի հրապարկված խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող, պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի` Հայաստանին վերաբերող 2010թ-ի զեկույցում արձանագրվել է, որ ոստիկանության բաժանմունքներում շարունակվում են խոշտանգումները եւ վատ վերաբերմունքի այլ դրսեւորումները:

Զեկույցում նշված է, որ ոստիկանության բաժանմունքներում վատ վերաբերմունքը հիմնականում դրսեւորվում է բռունցքով, ոտքով, ինչպես նաեւ ռետինե մահակներով, ջրով լի շշերով կամ փայտե ձողերով հարվածելով, որոնց նպատակը ինքնախոստովանական ցուցմունք կորզելն է կամ այլ տեղեկություններ ստանալը: Որոշ դեպքերում ենթադրյալ վատ վերաբերմունքը դրսեւորվել է այն աստիճանի դաժանությամբ, որ այն կարելի է խոշտանգում համարել: Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ) իր առաջարկություններում նշել է,, որ խոշտանգում կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ պետք է լինի 0 հանդուրժողականություն: Իսկ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն» արձանագրում է, որ 2011-ին այդ առումով դրական փոփոխություն Հայաստանում չի եղել եւ ԽԿԿ-ի նկարագրած դեպքերը շարունակվել են նաեւ 2011թ-ին: