Լոռիի մարզի Վանաձորի մանկատանը նոյեմբերի 26-ին մահացած երեխան մոր մահից հետո հարևանների տանը չի ապրել, նրան մինչ մանկատուն հանձնելը պահել է հորաքույրը: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց մահացած փոքրիկի` 1,5-ամյա Մարիաննա Աբրահամյանի մորեղբայրը` Գագիկ Սերոբյանը:

Ըստ նրա, իրականությանը չի համապատասխանում Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանի մեզ հետ զրույցում արտահայտած այն տեսակետը, թե իբր դեպքից հետո երեխաները գտնվել են հարևանների խնամքի տակ. «Էդ երեխեքը հարևանների տանը չեն ապրել: Երեխուն մոտ 15 օր խնամել է իր հորաքույրը»: Ըստ մորեղբոր, իրականությանը չի համապատասխանում նաև այն, թե իրենք ասել են, որ երեխայի հարցերով կզբաղվեն միայն մոր մահվան գումարներն ստանալուց հետո. «Մենք ամբողջ դեղերը տարել տվել ենք մանկատուն անկետայի հետ միասին, սաղ թղթափանությունն ավարտել ենք, ինչ գումարի մասին է խոսքը, երեխեն բուժում ստացել է նաև մանկատանը…»: Ի դեպ, հարազատներին բարկացրել է նաև այն, որ լուրեր են տարածվել, թե փոքրիկի ծնողները կամ հարազատները երեխայի բուժմամբ նորմալ չեն զբաղվում. «Կարող եք հարցում ուղարկել Վանաձորի շրջանային հիվանդանոց, ենտեղ հստակ կա, թե մենք քանի անգամ ենք բուժման տարել…»: Մահացած երեխայի մորեղբայրը հավելեց նաև, որ իրենք մանկատնից որևէ դժգոհություն չունեն, իրենք վիրավորվել են միայն մի քանի իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից:

Հիշեցնենք,  որ Լոռիի մարզի Դարպաս գյուղում սեփական հորն ու կնոջը դանակով սպանող Մարտին Աբրահամյանի անչափահաս, 1,5 տարեկան աղջիկը  դեպքից 24 օր անց մահացել էր Վանաձորի մանկատանը:

Նշենք, որ դեպքից հետո, դատարանի որոշմամբ Մարտին Աբրահամյանը ճանաչվել է անմեղսունակ և այժմ գտնվում է հոգեբուժարանում, իսկ նրա 6-ամյա աղջկա խնամակալ է ճանաչվել հայրական  տատը:

Դեպքի հետ կապված Լոռիի քնչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: