2011թ-ի հոկտեմբերի 2-ին, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան Մ-6 միջպետական ճանապարհի 83-րդ կմ-ում տեղի է ունեցած փլուզան հետեւանքով մինչ օրս ամբողջովին փակ է ավտոճանապարհի 653 գծամետր երկարությամբ հատվածը: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզպետարանի տրանսպորտի եւ կապի վարչության պետ Արտակ Սարգսյանը տեղեկացրեց, որ այժմ երթեւեկությունն իրականացվում է Նոյեմբերյան-Իջեւան-Դիլիջան միջպետական ճանապարհով: Թույլատրվում է միայն մարդատար, ոչ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, իսկ գյուղատնտեսական տեխնիկայի համար գոյություն ունի այլընտրանքային հատվածը շրջանցող ճանապարհ` 1.9կմ երկարությամբ, որն անցնում է Այրում քաղաքով եւ շրջանցում նշված հատվածը:
Վարչության պետի փոխանցմամբ, փլված հատվածի վերականգնման աշխատանքների համար փետրվարի 6-ին կայացել է մրցույթ, հաղթող է ճանաչվել «ճանապարհ» ՍՊ ընկերությունը: Նախատեսված աշխատանքների պայմանագրային ժամկետի ավարտ է սահմանվել մայիսի 30-ը, իրականացվելու է մոտ 250 հազար խմ ծավալի թափված հողազանգվածի հեռացման աշխատանքներ:
Հողազանգվածի հեռացման, ինչպես նաեւ ճանապարհաշինարարական աշխատանքները դեռեւս չեն սկսել, ինչն ըստ Տավուշի մարզի տրանսպորտի եւ կապի բաժնի պետ Արտակ Սարգսյանի, կախված է եղանակային պայմաններից: Աշխատանքների համար սահմանվել է մոտ 500 մլն դրամ, այն իրականացվում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պատվիրատությամբ:
Էդվարդ Արզումանյան
Լուսանկարները` հեղինակի




























