Տավուշի մարզի Դիլիջան համայնքում 2012թ-ի հունվարի 1-ի տվյալներով, աշխատանք փնտրողների թիվը կազմում է 2098 մարդ, որից 1419-ը կին են: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Ռիփսիմե Մուրադյանը նշեց, որ նշված աշխատանք փնտրողների մեջ գրանցված են տարբեր տարիքի մարդիկ, որոնց գերակշիռ մասը 25-30 տարեկան են (405 մարդ): Խոսելով այն մասին, թե ավելի շատ ինչ կրթություն ունեցող մարդիկ են այսօր աշխատանք փնտրում, բաժնի մասնագետն ասաց, որ ընդհանուր միջնակարգ կրթությամբ աշխատանք է փնտրում 1445 մարդ, իսկ հիմնական ընդհանուր կրթությամբ` 185 մարդ:

Դիլիջանում այս պահի դրությամբ, գործազրկության նպաստ է ստանում 143 մարդ, որից 67-ը` կին են: Զբաղվածության Դիլիջանի տարածքային կենտրոնի կողմից նախորդ տարի աշխատանքի է տեղավորվել 198 քաղաքացի: Բաժնի աշխատակցի փոխանցմամբ իրենք եռամսյակը մեկ հաշվետվություն են նեկայացնում, թե արդյոք իրենց կողմից աշխատանքի տեղավորվածները շարունակում են աշխատել թե ոչ:

Նրա դիտարկմամբ, գործազուրկների թիվը Դիլիջանում գնալով նվազում է, ինչը պայմանավորված է Դիլիջանի զարգացվածության, քաղաքում օր օրի կառուցվող շինարարական օբյեկտների եւ աշխատատեղերի բացմամբ, ինչպես նաեւ իրենց եւ գործատուների միջեւ առավել համագործակցությամբ:

Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված աշխատանք փնտրողներից 15-ը հաշմանդամներ են: Ռիփսիմե Մուրադյանն ասում է, որ իրենց կողմից նախորդ տարի մի շարք ծրագրեր են իրականացվել, ինչի արդյունքում մի քանի հաշմանդամներ տեղավորվել են աշխատանքի: Չնայած որ ըստ նրա, ինչպես մյուս քաղաքներում, այնպես էլ Դիլիջանում մինչ օրս խնդիրներ կան գործատուի եւ հաշմանդամ աշխատող աշխատանքի վերցնելու միջեւ:

 

Էդվարդ Արզումանյան


Լուսանկարները` հեղինակի