Վանաձորի քաղաքապետարանի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, այսօր` մարտի 5-ին, քաղաքապետ Սամվել Դարբինյանը կրկին անգամ անդրադարձել է Վանաձորի բազմաբնակարան շենքերի նկուղներում եւ աղբամուղերում հայտնված կրծողներին: Հիշեցնենք, որ վերջին ամիսներին քաղաքի մի շարք թաղամասերի բնակիչներ բողոքում են նկուղներում եւ շքամուտքերում կրծողներ են հայտնվել, որոնք գնալով ավելի են շատանում: Այս առիթով նախորդ նիստի ժամանակ եւս քաղաքապետը մի շարք հանձնարարականներ էր տվել, ինչի հետ կապված քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթ քաղաքի երկու շենքերում է միայն դեռատիզացիա իրականացվել: «Քաղաքի շենքերն սպասարկող բոլոր համատիրությունների ղեկավարներին տեղեկացրել ենք»,-նշեց նա:
Ասվածին ի պատասխան, քաղաքապետ Սամվել Դարբինյաы պահանջեց զգուշացնելու փոխարեն կարգադրել ու պարտավորեցնել համատիրությունների ղեկավարներին, որպեսզի հարցին լուրջ մոտենան եւ աշխատանքներ տանեն բոլոր շենքերում կրծողների վերացման համար, հակառակ դեպքում ըստ Սամվել Դարբինյանի, «եթե մի շենքում դեղ լցնենք, մյուսում` ոչ, առնետները մի շենքից կգան մյուս շենք ու արդյունք չի լինի»:
Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռիի մարզային կենտրոնի տնօրեն Կարինե Միրզոյանը եւս շեշտեց, որ եթե կրծողների վերացման հարցում հետեւողական աշխատանք չտարվի, ապա վիճակը կարող է անվերահսկելի լինել:




























