«Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանն ինձ 500 հազար ԱՄՆ դոլար էր պարտք, քիչ-քիչ մարեց, բայց 70 հազար դոլար դեռ մնացել Է»,- «Երկիր»-ի հետ զրույցում հայտնեց գործարար Սիլվա Համբարձումյանը եւ նշեց, որ Այվազյանից հանք է գնել, որի տարածքը եւ անունը իրար չեն համապատասխանել: Նա հանքը հետ է տվել, բայց Այվազյանն իրեն ամբողջական գումարը չի վերադարձրել:

«Գործարար կինը վստահեցրեց, որ դեմ առ դեմ Այվազյանի հետ խոսելուց չի խուսափում, հակառակը` Այվազյանն է խուսափում: «Բազմաթիվ անգամներ թե´ իրեն, թե´ վարորդին տեսել եմ, վերջերս էլ տեսա, ասաց` գնամ Վրաստան, Չինաստան, գամ, կտամ»,- նշեց Համբարձումյանը: Նա ասաց նաեւ, որ հանրապետությունում իրեն պարտք են երկու հոգի` Վարդան Այվազյանն ու Սուրիկ Խաչատրյանը:

«Պրինցիպի հարց ա, կազինո գնում է, բայց կնոջ պարտքը չի տալիս»,- նշեց Համբարձումյանը: Դիտարկմանը, թե ինչու է հենց հիմա բարձրաձայնում պարտքի մասին, Համբարձումյանն ասեց, որ համբերության բաժակը լցվել է: Նա տեղեկացրեց նաեւ, որ մարտի 13-ին կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ էլ կտա այլ հարցերի պատասխանները:

«Երկիրը»-ը փորձեց պարզաբանումներ ստանալ անձամբ Այվազյանից: Նախ, լսելով գործարար կնոջ անունը, Այվազյանը փորձեց հիշել նրա ազգանունը. «Սիլվա, ի՞նչ ա, Հակոբյա՞ն», հիշելուց հետո էլ նշեց, որ չի հիշում, որ գործարար կնոջը պարտք լինի:

«Սիլվան ա էլի, ինչ ուզի կասի»,- հայտարարելց նա եւ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, թե այդ Սիլվան ինչու հենց նախընտրական շրջանում հիշեց, որ Այվազյանն իրեն պարտք է:

Հանրապետական պատգամավորը վրդովված է, որ գործարար կինը նման հայտարարություններ անում է հենց մամուլով: «Եթե բան ա ուզում ասի, թող գա կանգնի, ինձ ուղիղ ասի»,- նշեց Այվազյանը եւ հաստատել, որ պարտքի մասին լուրերին ինքն էլ է մամուլից տեղեկանում, գործարար կինն անձամբ իրեն դեռ չի դիմել:

«Ոնց նայում եմ, հանրապետության կեսը Սիլվային պարտք ա, եթե հայտարարում ա, որ ես էլ եմ իրեն պարտք, թող գոնե պարտքը վերցնելու տարեթիվն էլ ասի»,- ասեց Այվազյանը` կատակով հավելելով, որ եթե Քենեդիի սպանության մեջ էլ իրեն չմեղադրեն` էլի գոհ կլինի:

Պարտքի պատմությանն անդրադառնալ պատգամավորը չի ցանկանում, ինչպես նշում է` «կնոջ բազար է», իսկ Համբարձումյանի պնդումները, թե իր սկանդալային հայտարարություններով ՀՀԿ-ն կպայթեցնի, պատգամավորն առավել քան տարօրինակ է համարում: «Համ ուզում է ՀՀԿ մտնել, համ էլ ՀՀԿ-ին դատի է տալիս: ՀՀԿ-ին Սիլվաները չեն կարող սպառնալ»,- նշեց Այվազյանը»,- գրում է «Երկիր»-ը: