2012-2014 թվականներին ուսումնասիրությունների եւ դիտարկումների մեջ կներառվի Հայաստանի Հանրապետության ողջ անտառային ֆոնդը` շուրջ 460 հազար հա: Այդ մասին նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կառավարությանը ներկայացրած անտառների պետական մոնիտորինգի ծրագրում: Հարցը ներառված է կառավարության մարտի 7-ի նիստի օրակարգում:

Մոնիտորինգն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ: Նախորդ տարիներին իրականացրած մոնիտորինգը ընդգրկել է անտառային ֆոնդի մի մասը: Այս անգամ մոնիտորինգի ծրագրում ներառվել են նաեւ արգելոցների, արգելավայրերի եւ ազգային պարկերի անտառային տարածքները:

Ըստ գյուղնախարարության կողմից կառավարությանը ներկայացրած ծրագրի, մոնիտորինգն իրականացնում է 11 աշխատակից ունեցող «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» կազմակերպությունը: Ծրագրի համար ամեն տարի ծախսվում է մոտ 54 մլն դրամ:

Իի հերթին «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնի» տնօրեն Արթուր Ալավերդյանը NEWS.am-ին հայտնեց, որ ներկայումս իրենց մոնիտորինգի կենտրոնն ունի 23 աշխատակից, իսկ 11 աշխատակից ունեցել են Կենտրոնի բացման ժամանակ` 2006 թվականին: