Գյումրիում որոշ տնտեսվարողներ վերականգնել են հացի նախկին գները: NEWS.am-ի մոնիտորինգը Գյումրիի խանութներում ցույց տվեց, որ բացի քարի հացից համարյա բոլոր մյուս հաց արտադրողները հացն էժանացրել են 10-20 դրամով` վերականգնելով նախկին գները: Սակայն նշենք, որ քարի հացը Գյումրիում ամենաշատ սպառվող հացատեսակներից է:

Հացի թանկացումը Գյումրիում պայմանավորված է հիմնականում ալյուրի թանկացմամբ: Սակայն նշենք, որ մյուս քաղաքներում հացի թանկացումներ չեն արձանագրվել: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ մարտի 6-ի մոնիտորինգի տվյալներով էլ հացի գնի փոփոխություն Երեւանում չկա:

Ինչ վերաբերում է ալյուրի թանկացմանը, ապա Գ. Սահակյանն ասաց, որ միջազգային շուկայում փետրվարին արձանագրվել է ցորենի մոտ 25 % գնաճ, սակայն գները բավական տատանողական վարքագիծ ունեն: Մասնավորապես` Նովոռոսիյսկի նավահանգստում ցորենի 1 տոննան փետրվարի 25-26-ին վաճառվում էր տոննան 280 դոլարով, իսկ ներկայում` 275 դոլարով: Հայաստանում փետրվարին ՏՄՊՊՀ-ի կողմից արձանագրվել է ալյուրի 9 % գնաճ (հիմնականում գնաճը տեղի է ունեցել փետրվարի 20-ից): Սակայն ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է միայն գերիշխող դիրք գրավողների` «Ալեքս Գրիգի» ու «Մանանա Գրեյնի» տվյալները:

Գ. Սահակյանը տեղեկացրեց, որ ՏՄՊՊՀ-ն զգուշացրել է այդ տնտեսվարողներին` մինչ փետրվարը էժան գներով ներմուծված ալյուրը չվաճառել ներկայիս թանկ գներով: