Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` մարտի 15-ին, ընդունել է Հայաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության դեպարտանենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Վտանգների համատեղ նվազեցման ծրագրի պատվիրակությանը: NEWS.am-ին Գյուղատնտեսության նախարարությունից հայտնեցին, որ անդրադառնալով երկու երկրների միջեւ կնքված Համընդգրկուն Համաձայնագրով Հայաստանում իրականացվող կենսապահովության եւ կենսանվտանգության արդիականացման ծրագրի ընթացքին, կողմերը գոհունակությամբ են արտահայտվել համագործակցության արդյունքների վերաբերյալ, պատրաստակամություն հայտնելով առաջիկայում նույնպես, ըստ ամենայնի, ապահովել Համաձայնագիրը կյանքի կոչելու բոլոր ծրագրերի եւ միջոցառումների իրականացումը:

Խոսելով ծրագրից ակնկալվող առաջնահերթությունների մասին` նախարար Սերգո Կարապետյանը կարեւորել է խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ իրակացվող միջոցառումների ծրագրի մշակման, համայնքային անասնաբույժների համար վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ բուժման վերապատրաստման դասընթացների կազմակերպման, լաբորատոր կարողությունների հզորացման եւ ախտորոշումների էլեկտրոնային համակարգի ստեղծման գործում ամերիկյան կողմի օժանդակությունը:

Իրենց հերթին հյուրերը ներկայացրել են թե բարձրացված, թե այլ խնդիրների ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլերը, հավաստիացնելով, որ Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շնորհիվ առաջիկայում Հայաստանում կապահովվի հիվանդությունների հայտնաբերման, ախտորոշման, համաճարակաբանական հսկողության, հաղորդման եւ արձագանքման համակարգի կատարելագործումը, նոր` ավելի բարձր աստիճանի կբարձրացվեն կենսապահովության եւ կենսանվտանգության չափանիշները: