Ստամբուլի քաղաքացիական գործերով 2-րդ դատարանը որոշում է կայացրել Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի ներկայացրած հայցի վերաբերյալ, որում կուսակցապետը մեղադրանք էր ներկայացրել «Դերսիմցի հայուհի Եմուշի որդի ինժեներ Քեմալը» գրքի հեղինակի դեմ՝ նշելով, որ էթնիկ ինքության միջոցով փորձում են սեւացնել իրեն:
Ստամբուլի հայկական «Ակոս» -ի փոխանցմամբ՝ դատարանի որոշման մեջ նշվել է, թե գրքում օգտագործված կոշտ եւ կոպիտ արտահայտությունները տեղավորվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության 10-րդ կետի շրջանակներում:
Որոշման մեջ շեշտվել է, թե գրքում օգտագործված արտահայտությունները չեն վնասում Քեմալ Քըլըչդարօղլուի քաղաքական կարիերային, մասնագիտական եւ անձնական կյանքին:
Նշենք, որ 2011-ի փետրվարին Թուրքիայի խորհրդարանում բաժանվել էր «Դերսիմցի հայուհի Եմուշի որդի ինժեներ Քեմալը» գիրքը, որտեղ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ վիրավորական արտահայտություններ են եղել եւ նրա մոր հայ լինելը ներկայացրել վիրավորական տեսանկյունից:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն 100 հազար լիրայի չափով փոխհատուցման հայց է ներկայացրել եւ պահանջել, որ դատարանը գրախանութներից հավաքել տա «Դերսիմցի հայուհի Եմուշի որդի ինժեներ Քեմալը» գրքի օրինակները։
Հիշյալ գրքի վերաբերյալ իրենց քննադատական հայտարարություններ են արել նաեւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանն ու Շերաֆեթթին Հալիսը։
Շերաֆեթթին Հալիսը նշել էր, թե այդ գիրքը պատվիրված է, որն իր էությամբ ստորացուցիչ եւ անբարոյական մոտեցում է։ «Ես պարոն Քըլըչդարօղլուի փաստաբանը չեմ, սակայն այդ գիրքը վիրավորանքներով լեցուն է թե Քըլչդարօղլուի, թե հայերի հանդեպ»։




























