News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանում երթեւեկության արագության վերահսկման արագաչափ սարքերի կիրառման համար որեւէ նախազգուշացնող ճանապարհային նշանի կամ ցուցանակի առկայության պահանջ որեւէ օրենքով սահմանված չէ եւ դրանց կիրառումը պարտադիր չէ, իսկ վարորդները պարտավոր են բոլոր վայրերում պահպանել ճանապարհային երթեւեկության, այդ թվում` երթեւեկության արագության կանոնների պահանջները, հիշեցնում են Ոստիկանությունից:

Ինչ վերաբերում է ներկայումս կիրառվող նախազգուշացնող ցուցանակներին, ապա դրանց կիրառումը ոստիկանության նախաձեռնությունն է` նպատակ ունենալով արագաչափ սարքերի ներդրմամբ ավելի շատ կանխարգելել իրավախախտումները, քան` արձանագրել դրանք:

Սակայն, չի բացառվում, որ առաջիկայում այդ ցուցանակները կհանվեն եւ այլեւս չեն կիրառվի կամ կկիրառվեն ընդհանուր նախազգուշացնող ցուցանակներ այն մասին, որ երթեւեկությունը վերահսկվում է տեսախցիկներով ու արագաչափ սարքերով, քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը եւ կատարված վերլուծությունը, ցուցանակների կիրառման պարագայում արագաչափ սարքերն իրականացնում են ճանապարհային երթեւեկության անվտանգության «հատվածական» ապահովում: Այսինքն, վարորդները երթեւեկում են արագ, նկատում են ցուցանակը, դանդաղեցնում են, անցնում են արագաչափ սարքը, հետո կրկին երթեւեկում արագ: Ու ստացվում է, որ արագաչափ սարքերը չեն ապահովում ցանկալի արդյունք` ճանապարհային երթեւեկության անվտանգության իրական եւ երկարաժամկետ ապահովում:

Բացի այդ, առաջիկայում նախատեսվում է կիրառել նաեւ շարժական արագաչափ սարքեր, որոնց դեպքում եւս ցուցանակներ կիրառելն արդյունավետ չէ:

Ու չնայած արագաչափերի տեղադրման մասին իրազեկող ցուցանակների առկայությանը, Երեւան քաղաքում արձանագրվել է ճանապարհատրանպորտային պատահարների դրական վիճակագրություն: Այսպես. 2012 թվականի 10 ամիսների ընթացքում Երեւան քաղաքում վիճակագրական հաշվառման է վերցվել 839 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 52, վիրավորվել 1065 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակը մնացել է նույնը, զոհերի թիվը նվազել է 17-ով, վիրավորներինը` 64-ով:

Ոստիկանության կարծիքով, եթե նախազգուշացնող ցուցանակներ չկիրառվեն, ապա այս դրական վիճակագրությունը կարող է մոտ 3 անգամ ավելի լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ