Ագարակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Արթուր Ասոյանին տեղափոխում են Երեւան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ագարակի հիվանդանոցից հայտնեցին, որ զինծառայողին տեղափոխել են Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղի բժիշկների ուղեկցությամբ էլ բերում են Երեւան: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Իսկ ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի ժամից արդեն կհասնեն Երեւան, ճանապարհին են: Նա նշեց, որ վնասված է զինծառայողի ուսահոդը, կհետազոտեն եւ կորոշեն` վիրահատել նրան, թե ոչ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը եւ Արթուր Գառնիկի Ասոյանը: Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանինի օգոստոսի 23-ին միջադեպ է տեղի ունեցել, կա սպանված եւ վիրավոր:
Մեր տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Ագարակի շրջանում՝ Նախիջեւանի եւ Հայաստանի սահմանին:




























