News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Ճիշտ չէ նրանց ուղին, ովքեր, օգտվելով պատերազմի մասնակիցների սոցիալական վատ վիճակից, փորձում են օգտագործել նրանց, փորձում են բարեգործ ու բարեսիրտ երեւալ, լավամարդ լինել: Ես այսպիսիներին զգուշացնում եմ` ով էլ լինեք` օլիգարխ կամ քաղաքական դաշտի մարդ, կուսակցական կամ չգիտեմ էլ ինչ գործիչ, ձեզ չափերի մեջ պահեք»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով ազատամարտիկների շուրջ բարձրացված վերջին աղմուկին: Նա պատասխանեց եւս մի քանի հարցի, որը ներկայացնում ենք ստորեւ:

Պարոն գեներալ, ինչպե՞ս է Ձեր առողջությունը, ԱԺ հերթական քառօրյային մասնակցելո՞ւ եք:

Շնորհակալություն: Լավ եմ, շատ լավ եմ: Ազգային Ժողովի նիստերին պարտադիր մասնակցելու եմ: Ձեզ էլ եմ առողջություն ցանկանում, բոլոր նրանց էլ, որ իմ առողջությամբ հետաքրքրվում էին: Մեր հայ ազգի եւ մեր վեհափառի աղոթքներն են ինձ օգնել, որ հիմա արդեն առողջ եմ: Քանի ուրիշ հարց չեք տվել, արի առիթը օգտագործենք, շնորհավորենք մեր ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Դա մեր տոնացույցի ամենակարեւոր օրերից է: Անկախությունը ձեռք է բերվել մեր լավագույն ընկերների արյամբ, դրա համար էլ առավել թանկ է մեզ համար: Ես մեր երկրապահ ժողովրդին շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ: Գիտեք չէ՞, ամեն հայ էլ երկրապահ է, եթե օրվա 24 ժամն էլ իր տեղում մտածում է երկրի, հայրենիքի, ազգի մասին:

Իսկ հատկապես ի՞նչ օրինագծեր եք պահելու Ձեր ուշադրության կենտրոնում: Ձեր նախաձեռնությամբ ընդունված «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը թեպետ միաձայն ընդունվեց, բայց այսօր դժգոհություններ կան դրանից, մասնավորապես ասվում է, թե օրենքը միայն ԵԿՄ անդամների համար է, այլ ոչ բոլոր ազատամարտիկների:

Այդպես ասողները կամ օրենքը չեն կարդացել ու բան չեն հասկանում, կամ թուրք են ու ցանկանում են հայ ազգը պառակտել, ցանկանում են Արցախյան հերոսամարտի մասնակիցների շարքերում պառակտում մտցնել: Կլինի՞ որ ասենք գուսանների մասին օրենք ընդունվի, 2 օր հետո մի հոգի կանգնի ասի, թե չէ` մի հատ էլ աշուղների մասին օրենք ընդունեք: Ուրեմն երկրապահ, կամավորական, ազատամարտիկ, ֆիդայի, հայդուկ, աշխարհազորային, սրանք հոմանիշներ են: Տարբեր ժամանակաշրջաններում ժողովուրդը տարբեր կերպ է անվանել ազգի նվիրյալներին: Արցախյան պատերազմի ժամանակ մեր ազգը գործածության մեջ դրեց երկրապահ տերմինը, ու երբ սպարապետ Վազգեն Սարգսյանը նախաձեռնեց ազատամարտի մասնակիցների մի կուռ կառույց հիմնել, կառույցը կոչեց Երկրապահ կամավորականների միություն: Հիմա, ինչ վերաբերում է օրենքին: Արդեն հազարերորդ անգամ պիտի բացատրեմ: Օրենքում պարզ գրված է, որ երկրապահ կամավորականի պետական կարգավիճակ ստանում է այն անձը, ով կամավոր մասնակցել է 1989-1994-ի ռազմական գործողություններին: Վերջ: Այստեղ խոսք չկա ԵԿՄ անդամակցության մասին: Օրենքի առաջ բոլորն են հավասար, եւ այս կամ այն հասարակական կազմակերպության անդամ լինել կամ չլինելով չի որոշվում մարդու վաստակը, մարդու մատուցած ծառայությունը հայրենիքին: Նույնիսկ կարգավիճակ շնորհելիս ԵԿՄ-ին որեւէ գործառույթ չենք վերապահել: Կարգավիճակը շնորհելու է միջգերատեսչական պետական հանձնաժողովը: Ես եւ Երկրապահ կամավորականների միությունը, իհարկե, շահագրգիռ ենք, որ օրենքն արդարացի կիրառվի, որ կարգավիճակ ստանան արցախյան պատերազմի բոլոր կամավորականները, որ հանկարծ չլինեն պատերազմի հետ կապ չունեցած անձինք, որոնց կարգավիճակ կտրվի: Այս տեսանկյունից ես էլ, «Երկրապահն» էլ աչալուրջ հետեւելու ենք պրոցեսին: Իսկ օրենքում լրացումների կարիք անընդհատ լինելու է: Խոսքը պետության հնարավորությունների մասին է: Հնարավորությունների մեծացման հետ, մենք էլ պետք է օրենքում նորանոր լրացումներ անենք, նորանոր արտոնություններ սահմանենք արցախյան պատերազմի մասնակիցների համար:

Իսկ ինչպե՞ ս եք վերաբերվում այն փաստին, որ մի խումբ ազատամարտիկներ հանրահավաքներ են անցկացնում, հանդիպումներ ունենում քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ: Դուք նրանց չե՞ք աջակցում:

ԵԿՄ-ն, հնարավորությունների սահմաններում, աջակցում է պատերազմի բոլոր մասնակիցներին, զոհվածների, անհայտ կորածների եւ հաշմանդամների ընտանիքներին: Այն հարցերը, որ բարձրացնում են մեր ընկերները, ընդունելի են: Անշուշտ, կամավոր կերպով պատերազմ գնացած մարդկանց համար պետությունն ինչ էլ անի, ինչքան էլ անի` քիչ է: Բայց այդ տղաների ընտրած ուղին ճիշտ չի: Առավել եւս ճիշտ չի նրանց ուղին, ովքեր, օգտվելով պատերազմի մասնակիցների սոցիալական վատ վիճակից, փորձում են օգտագործել նրանց, փորձում են բարեգործ ու բարեսիրտ երեւալ, լավամարդ լինել: Ես այսպիսիներին զգուշացնում եմ` ով էլ լինեք` օլիգարխ կամ քաղաքական դաշտի մարդ, կուսակցական կամ չգիտեմ էլ ինչ գործիչ, ձեզ չափերի մեջ պահեք: Թույլ չենք տալու, որ երկրապահի, ազատամարտիկի, մեր մարտական ընկերների խնդիրները մանրադրամ դարձնելով` ձեր հարցերն առաջ բրդեք: Դուք մնացեք ձեր գործին, այս տղաներից ձեռքներդ հեռու: Ցավալի է, որ այդ մարդիկ նոր են հիշել կամ նոր են հասկացել, որ մեր երկրում ազատամարտիկ կա, սահմանամերձ գոտի կա, որ այս խնդիրներով զբաղվել է հարկավոր: Լավ կլինի այդ մարդիկ քիչ թալանեն, մտածեն իրենց հարկերը բյուջե փոխանցելու մասին, այդ դեպքում պետությունը գիտի, թե ոնց կլուծի սահմանամերձ գոտու հարցերն էլ, ազատամարտիկների խնդիրներն էլ: ՀՀ նախագահն էլ, պաշտպանության նախարարն էլ երկրապահ են, մեզանից մեկն են: Նրանք բոլորից լավ են հասկանում ազատամարտիկների խնդիրները, բոլորից լավ կարող են զբաղվել այդ հարցերով: Մի մոռացեք, որ այսօր մեր բանակը մարտունակ պահելու, ավելի հզորացնելու խնդիր ունենք, որովհետեւ դեռ պատերազմող երկիր ենք: Ունենք սահմանին կանգնած երիտասարդ լեյտենանտ, որ պետք է ընտանիք ստեղծի, ունենք գնդապետ, որի ընտանիքը պետք է լավ ապրի, որպեսզի ինքը կարողանա ամբողջությամբ նվիրվել գնդի խնդիրներին: Սահմանին կանգնած հայ զինվորը պետք է զինված լինի արդիական զենքով, իսկ դա հսկայական ծախսեր է պահանջում: Դա մեր ազգի, մեր պետության անվտանգությունն է թելադրում:

Զանգվածային բողոքներին մասնակցող ազատամարտիկներից Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվեց: Այս փաստի՞ն ինչպես եք վերաբերվում:

Անմեղության կանխավարկած կա: Քանի մարդու մեղքը չի ապացուցվել` նա անմեղ է: Բայց ես մի բան ասեմ էլի` եթե իսկապես մարդը հանցանք է գործել` ի՞նչ կապ ունի` երկրապահ է, գեներալ է, բժիշկ է, լրագրող է, մտավորական է, իշխանավոր է, ընդդիմադիր է: Ցանկացած մարդ էլ պետք է օրենքի առաջ պատասխան տա: Հո մենք չե՞նք կարող հայտարարել, թե էս մարդուն մի հարցաքննեք, մի ձերբակալեք, մի կալանավորեք, ինչ է, թե նա մեր մարտական ընկերն է: Կարեւորը օբյեկտիվ քննությունն է: Եթե իրոք Վոլոդյան զոհվածի ծնողից փող է վերցրել, զինծառայողի ծնողից փող է վերցրել, ուրեմն նրան խիստ պատժել է պետք, ուրեմն նա մարդ կոչվելու իրավունք չունի: Ես ինքս, երբ կորպուսի հրամանատար էի, երբ փոխնախարար էի, աշխատանքից ազատել եմ գնդապետների, որ զոհվածի ծնողից փող են վերցրել: Իսկ եթե Վոլոդյա Ավետիսյանն անմեղ է, ու պատերազմի մասնակցի գլխին փորձել են զրպարտությամբ գործ սարքել, ուրեմն պետք է այդ գործ սարքողների հերն անիծվի, ուրեմն դրանք մարդ չեն, թուրք են: Կարեւորը, որ ամեն ինչ ճիշտ լինի, արդար լինի: Որ բոլորս այս կերպ մտածենք, ոչ թե մեր մոտիկներին հովանավորենք, մեր Հայաստանն էլ կծաղկի, կզորանա, կդառնա աշխարհի ամենալավ երկիրը:

Քանի որ Հայաստանի ապագայից խոսեցիք, մեկ հարց եւս: Դուք կո՞ղմ եք Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը:

Մենք պետք է դաշնակցենք ռուսի հետ, բայց ամեն օրն օգտագործենք հզորանալու, մեր սեփականը կայացնելու համար, հասկանանք, որ մի օր կարող է ռուսի շահից չբխի այստեղ մնալը: Պետք է կարողանանք ինքնուրույն մեր հարցերը լուծել: Եթե կա ցեղասպան Թուրքիա, եթե կա Արցախի անկախությանը բռնացող Ադրբեջան, եթե ունենք թշնամիներ, պետք է լավ բարեկամներ էլ ունենանք: Մեր անկախությունը մեզ թույլ է տալիս ինքնուրույն այսպիսի որոշումներ ընդունել: Այո, մենք պետք է բարեկամանանք ռուսի հետ էլ, եվրոպացու հետ էլ, ամերիկացու հետ էլ: Կարեւորն այն է, որ որոշումներն ինքներս կայացնենք, մենք որոշենք, թե ինչ է մեզ անհրաժեշտ: Միջազգային հարաբերություններում պետք է ակտիվ լինենք, շատ դաշնակիցներ ունենանք, որ մեր թշնամիներն էլ դա տեսնեն, հասկանան, որ մեզ հետ թշնամություն անելն իրենց ձեռնտու չէ:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը

Տպել
Ամենաշատ