Բավական է որեւէ համայնքի տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ սկսվեն, այդ համայնքի ղեկավարները պարտադիր «փայ են» մտնում հանք շահագործողների հետ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ դիմելով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյաին:
Ըստ Վ. Այվազյանի՝ հենց համայնքի ղեկավարը կասկածում է, որ համայնքի սահմաններում օգտակար հանածո կա, այդ հողերի սեփականության իրավունքը փոխում է, կամ տրամադրում է երկարաժամկետ վարձակալության: Նույնիսկ Հաաստանի խոշորագույն հանքավայրի՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնումը ներկայում հնարավոր չէ, քանի որ «կողքի գյուղը» թույլ չի տալիս:
Ա. Մովսիսյանը չհերքեց, որ նման խնդիր կա: «Համայնքները բողոքում էին, որ իրենց հողերն են օգտագործում: Որոշեցինք ավելի լիբերալ լինել, համայքներին տալ այդ լիազորությունները: Այժմ համայնքն է որոշում իր ավագանիով՝ այդ հանքարդյունաբերությունը կիրականացվի՞ իր համայնքում, թե՝ ոչ: Բայց ստացվեց, որ այո, որոշ համայնքապետեր կոռուպցիոն մեխանիզմն են օգտագործում: Խնդիրները դինամիկ են, հետեւաբար օրենսգիրքն էլ պետք է լինի դինամիկ եւ անընդհատ փոփոխություների ենթարկվի»,- ասաց Ա. Մովսիսյանը:





























