Հայաստանի պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը տեղյակ է ջրագնդակի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պատանեկան առաջնություն ժամանակ տեղի ունեցած միջադեպից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանը («Կրակեմ Հրաչ»):

Նա նշեց, որ ոստիկանությունում հետաքննություն է կատարվում, եւ առայժմ  չի ցանկանա որեւէ մեկնաբանություն տալ: «Ամեն ինչ հետաքննության ավարտից հետո»,- նշեց նա:

Հարցին, թե ձեր կողմից որեւէ քայլ արվել է նախագահի անվտանգության աշխատակցին պատժելու ուղղությամբ՝ զրուցել եք, նկատողություն եք արել, նա պատասխանեց, որ ամեն ինչ արվում է հետաքննության ավարտից հետո, երբ կապացուցվի իր մեղավորությունը: «Հիմա ես ձեզ պետք է բացատրե՞մ, թե ինչ քայլեր եմ անելու, հետաքննությունը կպարզի ամեն ինչ, եթե մեղավոր լինի, կպատժենք անպայման, կարող եք չկասկածել»

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սպիտակ» մարզա-առողջարանային համալիրում, հոկտեմբերի 31-ին ջրագնդակի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պատանեկան առաջնություն ժամանակ ծեծի է ենթարկվել մարզիչ 58-ամյա Ռուբեն  Եսայանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Մրցել են «Տիտան» եւ «Սպիտակ» թիմերը: 3-րդ խաղակեսի ժամանակ «Տիտան» թիմի ներկայացուցիչներից  Գագիկ Հովհաննիսյանը հարձակվել է 58-ամյա Ռուբեն  Եսայանի վրա եւ ծեծել, ինչի արդյունքում մարզիչը քթոսկրի կոտրվածք է ստացել:

Ի դեպ, Գագիկ  Հովհաննիսյանը, ներկաների փոխանցմամբ, ներկայացել է որպես Հայաստանի  նախագահի անվտանգության աշխատակից: Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն: