Ադրբեջանի ԶՈւ-ի հունվարի 19-ի գիշերը դիվերսիոն  փորձերը ետ մղած հայ զինծառայողները կպարգեւատրվեն: NEWS.am-ի տեղեկություններով՝ շուրջ մեկ տասնյակ զինծառայողներ կարժանան տարբեր պարգեւների:

Թե ովքեր եւ ինչ պարգեւների են արժանանալու, պարզ կլինի առաջիկայում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։