38-ամյա դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանին այսօր` մայիսի 19-ին, վիրահատում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դերասան Վարդան Արզումանյանը, որը Կարենի  հետ մեկնել է Գերմանիա:

«Մոտ 15 րոպե առաջ սկսվեց վիրահատությունը, ողնաշարն են վիրահատելու: Եթե բարդություններ չլինի, 3 ժամից արդեն ավարտված կլինի վիրահատությունը»,-ասաց  Վարդան Արզումանյանը:

Նրա խոսքով` Կարենի տրամադրությունը բարձր է, բժիշկներն էլ ասել են, որ վիրահատությունը բարեհաջող է անցնելու:

«Վիրահատությունից հետո Կարենը քայլելու է: Հուսով ենք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու»,-ասաց դերասանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանին դեկտեմբերի 26-ին հոսպիտալացրել էին «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ։ Նա հարձակման էր ենթարկվել իրենց շենքի բակում անհայտ անձի կողմից։ Դեպքից հետո ամիսներ շարունակ, նա գտնվում էր անվասայլակին, խոսքի եւ հենաշարժողական ապարատի խնդիրներ ուներ։ Հայաստանով մեկ սկսվեց դրամահավաք, որի օգնությամբ դերասանը կարողացավ մեկնել Գերմանիա՝ բուժվելու։