News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երիտասարդական «Վիքի» ճամբարի կազմակերպիչների հրավերով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է ճամբարի մասնակիցների հետ:

Երիտասարդական «Վիքի» ճամբարները կազմակերպվելու են Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Վանաձորում (ս.թ. հուլիսի 6-ից 20-ը եւ օգոստոսի 12-ից 26-ը)՝ «Վիքիմեդիա» հիմնադրամի եւ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական- հասարակական կազմակերպության ջանքերով:

«Հայկական ազգային ինքնության եւ պատմական-մշակութային հարուստ ժառանգության պահպանումը միշտ եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը եւ գնահատում համացանցում հայկական բովանդակությունն ավելացնելուն ուղղված ձեր ջանքերը: Դա կնպաստի մեր երկրի վերաբերյալ իրազեկման բարձրացմանն աշխարհում, զուգահեռաբար` տեղեկատվության աղբյուր կծառայի հայրենիքից դուրս բնակվող հայերի համար: Այս նախաձեռնությունը նաեւ շփման  հարթակ է` նույն գաղափարները եւ մտահոգությունները կիսող հայ երիտասարդների համար: Մենք պետք է ընդունենք, որ ժամանակակից թվային աշխարհի օրենքները պահանջում են, որ ազգը պատշաճ ներկայացված լինի նաեւ վիրտուալ աշխարհում: Համացանցում հայկական բովանդակության ծավալի մեծացումը` աշխարհում հայկական գործոնի ուժեղացմանն ուղղված արդյունավետ գործիք է»-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Վիքի» ճամբարի առաջին հերթափոխում ընդգրկվել են Երեւանի «ԱՅԲ», ֆիզմաթ մասնագիտացմամբ դպրոցների, Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» դպրոցի ավագ դասարանների աշակերտներ, սիրիահայ պատանիներ, ինչպես նաեւ աշակերտներ եւ ուսանողներ՝ Եղվարդից, Ապարանից, Կոտայքից եւ Արցախից:

«Վիքիմեդիա Հայաստանի» նպատակն է ինտերնետի, մասնավորապես՝ «Վիքիմեդիայի», «Վիքիգրադարանի», «Վիքիգրքերի» եւ «Վիքիճանապարհորդի» միջոցով բազմապատկել եւ բովանդակային առումով հարստացնել Հայաստանին, հայոց պատմությանն ու մշակույթին, Հայոց եղեռնին եւ հայկական հարցերին նվիրված հայալեզու եւ օտարալեզու բովանդակությունը:

Ճամբարը կմիավորի 14-ից 20 տարիքային խմբի «Վիքի» կոնտենտը խմբագրողների, ովքեր կընտրվեն` ըստ հայկական «Վիքիպեդիայում» հեղինակած հոդվածների ծավալի եւ քանակության: Նրանց կտրվեն ճամբար մուտքի անցագրեր. եւս 100 պատանի հնարավորություն կունենա մասնակցելու ճամբարին՝ անցագրի համար վճարելով 120 000 դրամ: 14 օր անընդմեջ, բոլոր մասնակիցներն օրական 4 ժամ կտրամադրեն Հայաստանին եւ հայ ժողովրդին նվիրված արեւելահայերենով, արեւմտահայերենով եւ այլ լեզուներով հոդվածների հրապարակմանը:

Երկու շաբաթվա ընթացքում ճամբարի մասնակիցները կտիրապետեն «Վիքի» խմբագրման գործիքներին եւ կհրապարակեն հոդվածներ` «Վիքիպեդիայի» գործող խմբագիրների ղեկավարությամբ: Ճամբարի մասնակիցների աշխատանքներն առավել դյուրին եւ արդյունավետ դարձնելու նպատակով՝ «Վիքիգրադարանը» կհամալրվի արեւելահայ եւ արեւմտահայ գրողների ստեղծագործությունների թվայնացված տարբերակներով: Հոդվածների կազմման համար մասնակիցների տրամադրության տակ կլինեն նաեւ տպագիր աղբյուրներ: Ամենօրյա ժամանցային ծրագրում ընգրկված են հայկական երգի եւ պարի դասեր, հայկական ֆիլմերի ցուցադրություն, ինչպես նաեւ հանդիպումներ ճանաչված գիտնականների, գրողների եւ մշակութային գործիչների հետ: Բացի այդ, ճամբարի մասնակիցները հնարավորություն կունենան ընտրելու «Վիքի ճամփորդություն»,  այցելելու Լոռու եւ Շիրակի մարզերի թանգարաններ եւ պատմական հուշարձաններ: Սպորտային ժամանցի կազմակերպման համար ճամբարականների տրամադրության տակ կլինեն վոլեյբոլի, ֆուտբոլի դաշտերը, ինչպես նաեւ թենիսի սեղանը:

«Վիքիմեդիա Հայաստանի» «Վիքի» ճամբար 2014-ի ծրագրի կարեւորագույն եւ հրատապ խնդիրներից է առանձին՝ «Արեւմտահայ Վիքիմեդիայի» ստեղծումն ու հարստացումը: Ճամբարի գլխավոր նպատակը արեւմտահայ դպրոցականներին եւ ուսանողներին հայկական «Վիքիպեդիայի» կազմման աշխատանքներում ներգրավելն է: Դա հնարավորություն կընձեռի ստեղծելու «Վիքիպեդիայի» արեւմտահայերեն բաժինը եւ հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ արեւմտահայերեն հոդվածներ հրապարակելու «Վիքիգրադարանում»: Արեւմտահայերենն ընդգրկված է անհետացման վտանգի տակ գտնվող լեզուների՝ Միացյալ ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպության՝  UNESCO-ի ցանկում,  ուստի   Արեւմտահայերեն Վիքիպեդիայի ստեղծումը կնպաստի արեւմտահայերենի պահպանմանը:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:

Տպել
Ամենաշատ