Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը համաձայն չէ «Մանդատ» հասարակական կազմակերպության փորձագիտական խմբի եզրակացության հետ, ըստ որի՝ 5-րդ գումարման ԱԺ-ի 5-րդ նստաշրջանի ամենապասիվ խմբակցությունն իրենք են:
«Հուսով եմ՝ կատակ եք անում՝ այդ հարցը տալով, հուսով եմ՝ գիտակցում եք պատվիրատուների առկայությունն այդ հասարակական կազմակերպության «հայտարարության» թիկունքում: Այստեղ մեկնաբանելու անհրաժեշտություն չկա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ խմբակցության ակտիվության մասին պետք է խոսի ընտրողը, սակայն ամեն դեպքում «ամեն ինչ ակնհայտ է»: Հարցին, թե ինչու խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերին չի ներկայանում, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը մշտապես կանոնակարգում է, կոորդինացնում եւ ղեկավարում է ԲՀԿ խմբակցության գործունեությունը»:
Նշենք, որ «Մանդատ» ՀԿ-ն ներկայացրել է, թե 5-րդ գումարման ԱԺ-ի 5-րդ նստաշրջանում որ խմբակցությունն ու որ պատգամավորն ինչքան աշխատանք է կատարել: Հատկանշական է, որ ամենապասիվ խմբակցությունը «ԲՀԿ»-ն է, ամենաշատ բացակայած պատգամավորը նույնպես ԲՀԿ-ից է՝ Գագիկ Ծառուկյանը:




























