Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 40 օրական Նարինեն մահացել է թոքաբորբից, ինչն էլ առաջացել է ցրտից եւ տան վատ պայմաններից:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոքրիկի հարեւանները պատմեցին, որ ընտանիքը շատ ծանր պայմաններում էր ապրում, տնակն ընդամենը օրեր առաջ էին տեղափոխել եւ չեն եղել տարրական պայմաններ ապրելու համար:
«Ցուրտ էր, խոնավ, երբ երեխան ծնվեց, մայրական տատիկը տարավ, պահեց որոշ ժամանակ, հետո էլ բերեցին դոմիկ, որտեղ ոչ մի պայման չկար: Երեխան թոքաբորբով հիվանդացավ, իսկ նոյեմբերի 16-ին երեխային հիվանդանոց են տարել ծայրահեղ ծանր վիճակում»,- ասաց հարեւանուհին:
Նա պատմեց, որ Սպիտակի բժշկական կենտրոնում այդ պահին էլեկտրաէներգիա չի եղել, բուժքույրն առաջարկել է անհապաղ «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխել:
«Բայց արդեն շատ վատ էր երեխան, փրկել չէր լինի»,- ավելացրեց հարեւանուհին:
Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները չկատարելու` դրանց նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու հետեւանքով փոքրիկը մահացել է: «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու եւ անզգուշությամբ Նարինե Խաչատրյանի մահն առաջացնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ կատարվում է նախաքննություն:




























