Երեւանի Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ ոստիկանությունը ջրցան մեքենա է տեղափոխել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրապարակը հսկում են մեծ թվով ոստիկաններ, որոնք ավտոբուսների եւ մեքենաների մեջ սպասում են: Այստեղ է նաեւ Հատուկ նշանակության վարչության մեկ մեքենա, որի ներսում հատուկջոկատայիններ են նստած: Այստեղ են Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը:
Այս պահին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկում պահանջող քաղաքացիների բողոքի ակցիան:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին՝ հունիսի 17-ին ՀԾԿՀ նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ չեղյալ համարել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը:





























