Հայ-վրացական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Թուրգայ Միքայիլովը պնդում է, որ սահմանն անցնելու պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Այս մասին NEWS.am-ին ասաց նախաքննության փուլում Միքայիլովի փաստաբան Թամարա Բաղդասարյանը:
«Միքայիլովը ցուցմունք է տվել, որ ինքը հարբած է եղել, չի գիտակցել՝ ինչ է անում, եւ որոշել է գալ Հայաստան՝ տեսակցելու իր ծանոթներից մեկին, որի հետ Ռուսաստանի Դաշնությունում միասին աշխատել են»,- ասաց Թամարա Բաղդասարյանը:
Նա հայտնեց, որ նախաքննության ընթացքում Միքայիլովը չի հերքել, որ ադրբեջանցի է:
Նշենք, որ գործն արդեն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայիլովը հուլիսի 23-ին ժամը 21:00-ի սահմաններում, առանց սահմանված փաստաթղթերի, շրջանցել է ՀՀ պետական սահմանային անցակետերը եւ հայ-վրացական պետական սահմանի՝ ՀՀ Լոռու մարզի Ձյունաշող սահմանամերձ գյուղին հարակից հատվածով, ոտքով շարժվելով ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել Հայաստանի տարածք:
35-ամյա Միքայիլովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նա կալանավորված է:





























