News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը բավականին լավ աշխարհագրական դիրքում է. այն կարող է կապող օղակ լինել Արեւելյան Ասիայի, Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայի միջեւ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին:

Պարոն դեսպան թույլ տվեք ողջունել Ձեզ Հայաստանում, եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Ինչպե՞ս կբնութագրեք երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերը:

Դեսպանատան բացումը երկու երկրների միջեւ բոլոր բնագավառներում կապերը զարգացնելու նպատակ ուներ, այդ թվում տնտեսական ու քաղաքական: Նաեւ նպատակ ունենք կամուրջներ հաստատել կառավարությունների ու ազգերի միջեւ ու գտնել ճանապարհներ հարաբերությունները զարգացնելու համար:

Հայաստանի համար բիզնեսի հիմնական կենտրոնը Մոսկվան է համարվել, սակայն վերջին 10-15 տարիների ընթացքում հայկական բիզնեսի մեծ  ակտիվություն կա Արաբական Միացյալ Էմիրություններում ու հատկապես Դուբայում, ու կարելի է համարել, որ այն 2-րդ բիզնես կենտրոնն է Հայաստանի համար: Ի՞նչ բիզնես մոդելներ կան մշակված, քննարկված Հայաստանի հետ: Համագործակցության նոր ուղիներ հնարավո՞ր են:

Հայկական համայնքը Էմիրություններում բավական երկար ժամանակ է ապրում, եւ շատ մեծ գնահատանի է արժանանում թե Էմիրաթական  կառավարության, եւ թե էմիրաթցիների կողմից: Հայերն էլ իրենց ներդրումն են ունենում տնտեսական նախագծերի իրականացման գործում: Կան հայեր, որոնք մեծ ընկերությունների, բանկերի եւ այլ տնտեսական հաստատությունների կառավարիչներ են: Կան հայեր, որոնք մասնավոր ընկերությունների տեր են եւ էմիրաթցիների հետ աշխատում են եւ համագործակցում են մի շարք նախագծերում, որոնք նպաստում են Էմիրությունների տնտեսության զարգացմանը: 

Թերեւս շատ հայեր կան, որ ցանկանում են Էմիրություններում բիզնես հիմնել, որովհետեւ այնտեղ բիզնես միջավայրն, իսկապես, հրաշալի է, բիզնեսմենի համար, կարելի է ասել, դրախտ է: Ինչո՞վ կարող է դեսպանատունն աջակցել, եւ ընդհանրապես, ինչպե՞ս է Էմիրություններում բիզնեսի հիմնադրումը տեղի ունենում օտարերկրացիների համար:

Եթե ցանկանում եք ինչ-որ ընկերություն հիմնել Էմիրություններում, դա շատ հեշտ է, պարզապես անհրաժեշտ է մի շարք քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ ընկերությունը զարգանա: Կան նաեւ ազատ շրջաններ, լինի դա թե առեւտրի, թե արդյունաբերության ոլորտներում: Եթե ինչ-որ գործ եք ձեռնարկում, կարող եք հեշտությամբ ավարտին հասցնել: Եւ Էմիրությունների ենթակառուցվածքն ու փորձը, շատ կարեւոր է տարածաշրջանում գործունեության ծավալման համար:

Տնտեսական իմաստով Հայաստանը Էմիրությունների կողմից դիտարկվում է որպես առանձին գործընկերթե՝ այն տարածշրջանի տնտեսական միավորների  համատեքստում է գտնվում:

Էմիրությունները Հայաստանին դիտարկում է որպես երկիր, որտեղ բավականին հնարավորություններ կան երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու համար: Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանը բավականին լավ աշխարհագրական դիրքում է: Այն կարող է կապող օղակ լինել Արեւելյան Ասիայի, Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայի միջեւ: Ունի տնտեսական հնարավորություններ. օրինակ՝ առեւտուրը, արդյունաբերությունը, տուրիզմը: Հույս ունենք, որ բավականին ընդլայնված բիզնես համագործակցություն կծավալվի երկու երկրների միջեւ:

Եթե հնարավոր է նշեք, այն ուղղությունները, որոնք նախեւառաջ կնախընտրեիք զարգացնել Հայաստանի հետ:

Տնտեսական բնագավառում համագործակցությունը, առեւտրի ոլորտում համագործակցությունը, համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում եւ իհարկե Էմիրությունների համար առաջնակարգ նշանակություն ունի վերարտահանումը: Էմիրությունները շատ կարեւոր պատուհան է այն պետությունների համար, որոնք չունեն ելք դեպի ծով, որպեսզի այդ երկրները կարողանան ապրանքներ արտահանել այլ երկրներ:
Հայաստանն էլ կարող է Էմիրություններին դիտարկել, որպես իր ապրանքների վերաարտահանման համար  կենտրոն: Նաեւ գյուղատնտեսության ոլորտում մի շարք հնարավորություններ կան: Էմիրություններում եւ ընդհանրապես ծոցի շրջանի երկրներում բավականին մեծ նշանակություն ունի օրգանական սնունդը (organic food): Աստված տա, ապագայում ավելի շատ ծրագրեր կլինեն այս համագործակցությունը իրականացնելու համար:

Պարոն դեսպան, արդեն գրեթե մեկ տարի է, որ Հայաստանում եք: Ձեզ համար ինչպիսի՞նն է Հայաստանը:

Առաջին հերթին հայ ժողովուրդն է շատ լավը, հյուրասեր է եւ հյուրընկալ, շատ բարեկամական վերաբերմունք է ցուցաբերում, լավ բարքերի տեր է: Ես հույս ունեմ, որ տուրիզմը գնալով ավելի կզարգանա Էմիրություններից դեպի Հայաստան: Ես համազված եմ, որ էմիրաթցիները շատ կհավանեն ու Հայաստանում կնախընտրեն անցկացնել իրենց արձակուրդները, մասնավորապես՝ ամառային արձակուրդը:

Շատ էմիրաթցիներ, երբ այս տարի այցելեցին Հայաստան, տեսան, թե ինչքան լավ, հյուրընկալ ժողովուրդ է հայ ժողովուրդը: Տեսան նաեւ, որ տուրիզմի համար բոլոր հնարավորությունները կան Հայաստանում: Առեւտրի բնագավառում էլ ես տեսնում եմ, որ լավ հնարավորություններ կան երկու երկրների համար:

Պարոն դեսպան Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի պատճառով չեմ կարող չանդրադառնալ այս հարցին: Դիվանագիտական ի՞նչ աշխատանքներ են հնարավոր տանել երկու պետությունների կողմից:

Երկու երկրներն էլ ունեն մեկ ուղղվածություն, եւ դրա նպատակն է պայքարել ահաբեկչության դեմ, ինչ տեսքով էլ, որ լինի այդ ահաբեկչությունը: Ահաբեկչությունը չունի ոչ կրոն, ոչ էլ հայրենիք, իսկ ահաբեկիչները որեւէ կերպ չեն ներկայացնում իսլամը, ինչ էլ որ լինի: Մենք մերժում ենք այն ամենը, ինչը որ կապ ունի ահաբեկչության հետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ