Գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածքի հետեւանքով նոյեմբերի 28–ին մահացած 18-ամյա Գեւորգ Խաչատրյանի հարազատները Գեւորգի մահվան նախնական պաշտոնական վարկածին, ըստ որի, նա ինքնասպան է եղել, չեն հավատում եւ շարունակում են պնդել, որ նրան սպանել են: NEWS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի հարազատներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, նշեց, Գեւորգին ինքնասպանության հասցնելու գործով ձեբակալված 5 անձանցից մեկը` կապիտան Մհեր Ոսկանյանը, զորամասի տարածքում երկար ժամանակ խոզեր է պահել եւ զինվորներին ստիպել է խնամել դրանց: Հարազատի խոսքով, ինքը տեղեկացել է, որ Գեւորգը ինքնասպան է եղել խոզերին կերակրելու պատճառով, ինչին ինքը չի հավատում:

«Ասում են` ղումար են խաղացել, որ ով կրվի, պիտի խոզերին կերակրի: Գեւորգն էլ իբր կրվել ա, գնացել խոզերին է կերակրել ու ինքնասպան է եղել: Մենք չենք հավատում, ոնց կարար Գեւորգի նման մարդը խոզերին կերակրելու պատճառով ինքնասպան լինել: Էդ տականք կապիտանը զինվորներին 11 ամսվա հասանելիք 1560 դրամը չի տվել, իր խոզերի համար կեր ա առել, որ չաղացնի, տանի միսը հանձնի, սպանել են երեխուն՝ ասում են` ինքնասպան է եղել»,-ասաց հարազատը:

Հարազատի խոսքով, ըստ պաշտոնական վարկածի, Գեւորգը մահացել է գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածքի պատճառով, սակայն նրա գլխին եւ մարմնի այլ հատվածներում եղել են բռնության հետքեր, որոնք ապացուցում են, որ Գեւորգին դրդել են ինքնասպանոթյան կամ էլ սպանել են:

Նա նշեց, որ  միչեւ վերջ գնալու են, մինչեւ գործը բացահայտվի եւ մեղավորները պատժվեն:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի հորեղբայրը` Հարություն Խաչատրյանը, նշել էր, որ դեպքից 20 րոպե առաջ է խոսել Գեւորգի հետ եւ ոչ մի տարօրինակ բան չի նկատել նրա մոտ, նա հորեղբորն ասել էր, որ լավ տրամադրություն ունի եւ պատրաստվում է դիրքեր բարձրանալ: 5 ամիս առաջ բանակ զորակոչված Գեւորգ Խաչատրյանը ծառայությունից ոչ մի դժգոհություն չի ունեցել։

2015թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել զորամասի բուժկետ։ Պարզվել է, որ Գեւորգ Խաչատրյանը գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 147 9229 համարի ինքնաձիգով, և բուժկետում գրանցվել է նրա բիոլոգիական մահը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ։ Զորամասի զինծառայողներ` կապիտան Մ.Ս.Ոսկանյանը, ավագ լեյտենանտ Հ.Ա.Վարդևանյանը,  շարքայիններ Հ.Ա.Մուրադյանը և Ա.Հ.Սարգսյանը ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել։