News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը 70 տարի բեմում լինելուց հետո այլեւս չէր մտածում բեմ վերադառնալու մասին: Վերջին տարիներին սիրված երգչուհին իր երազած պտղատու այգին ուներ՝ ծիրանենիներով, տունը՝ բնության գրկում, սակայն, իրեն միայնակ էր զգում

«Երանի նրանց, ովքեր ապրում են իրենց սկիզբն ու վերջը, իսկ ես միայնակ եմ»,- երգչուհու մասին պատմող «Օֆելյա» ֆիլմի վերջում ափսոսանքով նշել էր երգչուհին:

Հենց ֆիլմի երեւանյան պրեմիերայի օրն էր՝ 2015թ. սեպտեմբերի 24-ին, վերջին անգամ հասարակությանը երեւացել սիրված երգչուհին: Քչախոս Օֆելյա Համբարձումյանը համաձայնվել էր խոսել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ապա լուսանկարվել ցանկացողների հետ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի պրեմիերայի օրը ժողովրդական արտիստուն նշել էր, որ այլեւս չի ցանկանում բեմ վերադառնալ, քանի որ համերգի մասին լսելիս հուզվում է: 

«Հնարավոր է վերադառնամ, բայց ես չեմ ցանկանում, հերիք է. 70 տարին քիչ չէ: Արդեն հոգնել եմ, լսում եմ համերգի անուն, հուզվում եմ: Բոլորն այդպես չեն, հիմիկվա երեխաները թռվռալով գալիս են բեմ, բայց ես, բեմի անուն լսելիս, լացս գալիս է»,- ասել էր նա:

Համբարձումյանի խոսքով՝ թեեւ այս տարիքն իր դժվարություններն ունի, ինքը ո՛չ մի նոտա, ո՛չ մի երգ բաց չի թողնում: Ի՞նչ էր երգը Օֆելյա Համբարձումյանի համար. բնության գույներ, որոնց սիրահարվելուց հետո էր միայն համաձայնվում կատարել այն:

«Ձայնս ժառանգել եմ մորիցս, ինքս էլ փոխանցել աղջկաս։ Մանկությունս անցել է երգի մեջ, նույնիսկ պատերազմի տարիներին եմ երգել զինվորների համար»,- հիշում էր երգչուհին։

Լրատվամիջոցների համար գրեթե փակ երգչուհին իր մասին պատմող ֆիլմում անկեղծացել էր. խոսում էր թե անձնական կյանքի, թե ամուսնու՝ Նորայր Հովհաննիսյանի հետ հարաբերությունների մասին:

«Ես ազնիվ մարդ եմ, նվիրված ընտանիքիս, բայց ինձ համար առաջնայինը երգն է եղել, արվեստը։ Եղել են դեպքեր, որ ընտանիքս ճաշ չի ունեցել, բայց ես գնացել եմ փորձի»,- պատմում էր երգչուհին, ապա ավելացնում. «Խաղաղ ընտանիք եմ ունեցել։ Ես ու Նորայրը միասին ենք աշխատել, թերեւս դա է պատճառը, որ խանդի տեսարաններ չեն եղել իր կողմից, բայց ես խանդել եմ երեւի»։

Երեխաների՝ Տաթեւիկի եւ Հովհաննեսի համար Օֆելյա Համբարձումյանը ոչ խիստ ծնող է եղել, նույնիսկ մի անգամ դպրոց էր գնացել եւ խնդրել՝ դասերն ուշ սկսել, որպեսզի դուստրը կարողանա մի քիչ էլ երկար քնել:

«Օֆելյա» ֆիլմի մեծ ցուցադրությունը, ցավոք, Օֆելյա Համբարձումյանը չհասցրեց տեսնել:

Սիրված երգչուհին մահացել է այսօր առավոտյան 91 տարեկան հասակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ