News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում գործող «Ռեգնում» գործակալությունն այսօր` ապրիլի 25-ին, հրապարակել է «Թուրքիայի ԱԳՆ-ն կապի մեջ է մտել հայկական ընդիմության հետ. սենսացիոն հանդիպում Լոնդոնում» վերնագրով մի ծավալուն «վերլուծական», որում հայաստանյան ընդդիմությանը մեղադրել է թուրք դիվանագետների հետ գաղտնի հանդիպումների մեջ: Ողջ հոդվածը կառուցված է ինչ-որ հրապարակման վրա, որը «տեղ է գտել «Open Armenia» ֆորումում եւ NEWS.am գործակալության ֆեյսբուքյան անգլերեն էջում` այլ անձի կողմից արված գրառման վրա հղում կատարելով:

Նշենք, որ Ֆեյսբուքին անգամ թեթեւակի ծանոթ անձինք տեղյակ են, որ այնտեղ «ճախրում են» բազմաթիվ կեղծ պրոֆայլներով (fake account) հանդես եկող անձինք, որոնք այստեղ կամ այնտեղ տեղադրում են պատվիրված տեղեկություններ կամ մեկնաբանություններ:  Նման կեղծ պրոֆայլների ուշադրությունից չի վրիպում նաեւ NEWS.am-ի ֆեյսբուքյան էջը, հաշվի առնելով մեր գործակալության առաջատար դիրքերը Հայաստանի եւ միջազգային լրատվական դաշտում:

Այսպես. NEWS.am-ի անգլերեն (NEWS.am English) ֆեյսբուքյան էջում «Hovanes Pogosyan» անունով ոմն օգտատեր զետեղել էր նորություն, իբր հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները Լոնդոնում հանդիպել են թուրքական դիվանագետների հետ:

Վերը նշված անձնավորությունն ակնհայտորեն կեղծ պրոֆիլ է (fake account), քանի որ, ըստ նրա էջում առկա տեղեկատվության, «հոդվածը» զետեղելուց րոպեներ առաջ էր ստեղծվել եւ չուներ հավելյալ` ինքնությունը բացահայտող տվյալ: Նշենք, որ NEWS.am-ի ֆեյսբուքյան անգլերեն էջում արգելված չի եղել նյութեր ավելացնելու հնարավորությունը, եւ ցանկացած ոք կարող էր ավելացնել խելքին եկած որեւէ տեղեկություն:

Հենց այդ տեղեկությունն էլ ռուսաստանյան գործակալությունը թարգմանել եւ տարածել է` հղում անելով NEWS.am English-ի ֆեյսբուքյան էջին, ինչպես նաեւ «International Media Resources» անվանումով եվրոպական ինչ-որ գործակալության վրա, որպիսին իրականում գոյություն չունի: Ընդ որում, ռուսական գործակալության տվյալ հոդվածում նշված հիպերհղումը տանում է կրկին կեղծ պրոֆիլի վրա, եւ պարզվում է, որ «International Media Resources» անվանումով «գործակալության» ֆեյսբուքյան էջը ստեղծվել է ապրիլի 20-ին եւ ընդամենը երկու լուր է զետեղված, որոնք վերաբերում են ընդդիմության եւ թուրք դիվանագետների իբր կայացած հանդիպմանը:

Լուրջ լրատվական դաշտում զավեշտալի է հնչում ոչ միայն կեղծ պրոֆայլների կողմից տարածվող տեղեկություններից օգտվելը, այլ անգամ նման բաների վրա ուշադրություն դարձնելը: Այս պարագայում միայն զարմանք է հարուցում, որ «Ռեգնում» լրատվական գործակալությունը «վերլուծություն» է կատարում, հենվելով ֆորումում եւ ֆեյսբուքում  տեղ գտած անանուն օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունների վրա, այսինքն որդեգրել է մի գործելաոճ, որն իրենց չեն կարող  թույլ տալ անգամ բուլվարային լրատվամիջոցները:

Իսկ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը ստիպված է այս պատմությանն արձագանքել եւ պարզաբանել, քանի որ այդ «վերլուծությունում» «միամտորեն» հոլովվում է մեր անունը, ինչն անփորձ ընթերցողի կողմից կարող է ոչ ճիշտ ընկալվել եւ ստվեր գցել մեր համբավի վրա:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ