«Հրապարակը» գրում է, որ կուսակցության հաղթանակը թեթեւ նշելու համար մի մարդու պես Երեւան էին հասել նաեւ ՀՀԿ-ական մարզպետները, նույնիսկ Շիրակի մարզպետը, երբ այս մարզում երեք ընտրատարածքներում ընտրվել են ԲՀԿ-ականներ՝  Մարտուն Գրիգորյանը, Սամվել Բալասանյանը եւ Մուշեղ Պետոյանը: Հատկապես ուշագրավ էր Մարտուն Գրիգորյանի հաղթանակը, քանի որ նրա մրցակիցը Սերժ Սարգսյանի փեսայի ընկերն էր՝ Արման Սահակյանը:

Իսկ մինչ այդ մեզ լուրեր էին հասնում, որ մարզպետ Աշոտ Գիզիրյանը «տակից» աշխատում է ԲՀԿ-ի օգտին: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ առանձնապես ջանք չի դնում «երեւաններից» ժամանած թեկնածուին անցկացնելու համար:

Որոշ տեղեկություններով, այստեղի արդյունքները խիստ զայրացրել են Սերժ Սարգսյանին, եւ Գիզիրյանն արդեն արժանացել է համապատասխան վերաբերմունքի: Երբ հարցրինք, թե ինչպես է մեկնաբանում ԲՀԿ-ի՝ Շիրակում գրանցած ռեկորդը, հակադարձեց. «Ո՞նց է ԲՀԿ-ն հավաքել, երբ որ մենք կրել ենք»:

Ձեր ղեկավարած մարզում «Բարգավաճը» մեծաքանակ ձայներ է ստացել, մեծամասնական ընտրատարածքներում հաղթել են ԲՀԿ թեկնածուները:

Պրովոկացիա է, անիմաստ է, խնդրում եմ նման հարցեր մի տվեք:

Լուրեր են շրջանառվում, թե այդ արդյունքները վկայում են Ձեր՝ ԲՀԿ-ի օգտին աշխատելու մասին:

Ես կասեմ, որ հիմարություն է, քանի՞ անգամ ասեմ:

Այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ թեկնածուները հաղթեցին:

Որտե՞ղ օրինակ:

Հատկապես Գյումրիում:

Գյումրու քաղաքապետին էդ հարցը տվեք:

Ուզում եք ասել Ղուկասյա՞նն է թերացել:

Ես չեմ կարող ասել: Ես ասում եմ՝ հարցրեք Գյումրու քաղաքապետին: Չէի ասի՝ թերացել է, կարող ա ճիշտ չէին կազմակերպել իրենց աշխատանքները, բայց մարզի ամբողջ ցուցանիշը մենք փակել ենք: Եւ հարց է առաջանում՝ ո՞վ ա մարզի պատասխանատուն: