2013թ. նախագահական ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրի ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին այսօր` հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, նախկին արտգործանախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` հավելելով, որ այս թեմայի շուրջ կոնկրետ տեղեկատվություն չունի, սա ընդամենը իր սեփական կարծիքն է:
Նա տեղեկացրեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից այս պահի դրությամբ ոչ ոք ցանկություն չի հայտնել նախագահի թեկնածու առաջադրվել: «Բայց եթե «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նման որոշում կայացնի, մենք հենց նրա թեկնածությանն էլ ընտրությունների ժամանակ կսատարենք»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա կարծիքով` ԲՀԿ-ն, կոալիցիա չկազմելով, ինտրիգ մտցրեց եւ ավելի հետաքրքիր դարձրեց քաղաքական կյանքը, սակայն նա որեւէ կանխատեսումներ չարեց` ԲՀԿ-ն հանդես կգա սեփական թեկնածուո՞վ, թե՞ կսատարի Սերժ Սարգսյանին. «Սպասենք ԲՀԿ-ի պահվածքին, եւ որոշ հարցեր պարզ կլինեն»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



























