Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիյեսի համալսարանի պրոռեկտոր, համալսարանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, հակահայկական աշխատություններով հայտնի պրոֆեսոր Մեթին Հուլագուն դարձել է Թուրքիայի պատմագիտական ընկերության նախագահ:
Մեթին Հուլագուն տարիներ առաջ նախաձեռնել է մի ծրագիր, ըստ որի, Էրջիյեշի համալսարանում բացված հայերեն բաժնի ավարտած ուսանողները պետք է պայքարեն «հայկական պնդումների դեմ»: Սույն պրոֆեսորը նույնիսկ հայերենի դասախոսներ էր հրավիրել Հայաստանից, սակայն դասախոսները վերջին պահին հրաժարվել են մեկնել Թուրքիա:
Ինչպես ավելի վաղ Կայսերիից տեղեկացրել էր NEWS.am-ի թղթակիցը, մոտ 20 օր առաջ հայ եւ թուրք լրագրողներից կազմված խումբը Կայսերիում հանդիպել էր Մեթին Հուլագուի հետ, որն անսպասելի ընթացք էր ստացել:
NEWS.am-ը ներկայացնում է այդ հանդիպման մանրամասները. Պրոֆ. Հուլագուն խոսում էր հարաբերությունների կարգավորման, խաղաղության եւ հանդուժողականության մասին, երբ հայկական խմբի անդամներից Արմեն Սարգսյանը հարցրեց նրան, թե բոլոր ժամանակներում պատմական իրադարձություններին, տարբեր երեւույթներին կամ մարդկանց որոշակի խմբերին ինչ որ տերմիններով են կոչել, որոնք հետագայում փոխվել են: «Օրինակ, նախկինում ասում էինք նեգր, իսկ հիմա՝ աֆրոամերիկացի: Այս համատեքստում «ցեղասպանություն» տերմինը ձեզ համար փոխոխվե ՞լ է եւ դա ինչ տերմինով եք բնութագրում»,-հարցրեց Արմեն Սարգսյանը:
Ահա, այստեղ էր, որ վերջացավ պրոֆեսորի թվացյալ հանդուժողականությունը, նա խառնվեց իրար, փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվում եւ հապճեպ սկսեց հերքել. «ի ՞նչ կոտորած, նման բան չի եղել»,-ասաց Հուլագուն, ում հակադարձեցին խմբի թուրք լրագրողները՝ հարցնելով, որ եթե կոտորած չի եղել, ո ՞ւր են Կայսերիի հայերը, չէ ,որ ողբերգություն է տեղի ունեցել: «Նրանք գնացել են, հեռացել են Կայսերիից, մենք հերքում ենք, որ կոտորած է եղել»,-պնդեց Մեթին Հուլագուն: Թուրք լրագրողներից մեկը շարունակեց. «Ինչպե ՞ս թե գնացել են: Այդքան հայերը ինքնասպա ՞ն են եղել»,- հեգնեցին պատմաբանին թուրք լրագրողները: Անսպասելի արձագանքից ուշքի չեկող թուրք պրոֆեսորը թուրք լրագրողին հայի տեղ դրեց, սակայն լրագրողն արձագանքեց. «Ես թուրք եմ, անունս՝ Քեմալ, ազգանունս՝ Բոզքուրթ: Ծնողներս նույնպես թուրք են եւ մուսուլման»:
Թուրք պատմաբանը պնդեց, թե հայերն այն ժամանակ «ավազակախմբեր» էին ստեղծել եւ կռվում էին թուրքերի դեմ, հետո «ահաբեկչություն» էին իրականացնում թուրք դիվանագետների դեմ: Թուրք լրագրողները հակադարձեցին՝ ասելով, թե նրա ասածները չեն արդարացնում տեղի ունեցած կոտորածները՝ հիշեցնելով Հրանտ Դինքի եւ նախորդ տարի ապրիլի 24-ին զինվորական ծառայության ժամանակ թուրք զինծառայակցի կողմից սպանված Սեւակ Շահին Բալքըչըի սպանությունը: Մեթին Հուլագուի նյարդերը տեղի տվեցին, եւ նա դուրս եկավ դահլիճից՝ առաջարկելով իջնել բակ՝ թեյելու:
Այդ ընթացքում, երբ պրոֆեսորն ու թուրք լրագրողները վիճաբանում էին, պրոֆեսորի ուսանողներից մեկը, ով հավանաբար հայերեն բաժնի ուսանողներից էր, մոտեցել է թուրք կին լրագրողներից մեկին՝ կարծելով թե նա հայ է եւ ասել. «Այստեղ 4 հայ է մնացել, որովհետեւ ձեզ կոտորել ենք»: Այս խոսքերը լսած մեկ այլ ուսանող միջամտել է՝ ասելով, թե իր ընկերը սխալ բան ասաց եւ ներողություն խնդրել:




























