«Խոսրովի անտառ» արգելոցի Գիլան տեղամասում կառուցված ապօրինի շինությունը պատկանում է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, սակայն հստակ փաստական ապացույցներ դեռ չկան: Այդ մասին այսօր` օգոստոսի 1-ին լրագրողների հետ զրույցում նշել են բնապահպան ակտիվիստները:

էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն ու բնապահպան-ակտիվիստ Արթուր Գրիգորյանն անդրադարձել են «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից արգելոցի տարածքում կառուցվող քարե շինությանը` նշելով, որ բնապահպանության նախարարությունը դեռ երկու տարի առաջ կանգնեցրել էր զվարճանքի օբյեկտի շինարարությունը, սակայն ընկերությունը շարունակել է կառուցումը:

Այսօր բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի նախկին Գիլան պետական արգելավայրի տարածքում առկա հիմնահարցերի ուսումնասիրման համար ստեղծված աշխատանքային խմբի ընդլայնված նիստը: Բնապահպանական նախարարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ ընդլայնված նիստին մասնակցել են «Խոսրովի արգելոց» , «Փրկենք Թեղուտը», «Թռչկան», «Էկոդաշինք» քաղաքացիական նախաձեռնության անդամներ եւ մի շարք այլ բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: «Հովազաձոր» ՍՊԸ-ն, որը Խոսրովի արգելոցում կառուցել է ռեստորան, զգուշացվել է, որ եթե իր համաձայնությունը չտա լուծարելու «Խոսրովի անտառ» արգելոցի Գիլան տեղամասի վարձակալման պայմանագիրը, ապա հարցը կլուծվի դատական կարգով: