«Ա1+» հեռուստաընկերության «ԱյբՖե+» լրատվական-վերլուծական ծրագիրը 10 տարի անց վերադառնում է հեռուստաեթեր, եւ սեպտեմբերի 10-ից շաբաթական 5 օր այն կհեռարձակվի «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերով: Այս մասին այսօր` սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը եւ «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանը` հավելելով, որ հեռուստաընկերությունների միջեւ մեկ տարի ժամկետով պայմանագիր է կնքվել:
Արտակ Ալեքսանյանի խոսքով`համագործակցության նպատակն է բազմազան հեռուստապրոդուկցիայի հնարավորություն տալ, իսկ «Ա1+»-ն իր հեռուստահաղորդումները պատրաստելու է ինքնուրույն` «ԱրմՆյուզ»-ը չի միջամտելու հաղորդման խմբագրական աշխատանքներին: Համագործակցության առաջարկն արվել է «Արմնյուզ» հեռուստաընկերության կողմից, իսկ «Ա1+»-ը սիրով ընդունել է այս բիզնես-առաջարկը: «Մենք համաձայնեցինք այն առաջարկին եւ պայմաններին, որն «Արմնյուզ»-ի կողմից մեզ արվեց: Առանց միջամտության եւ խմբագրական աշխատանքի մասին առաջարկը մեծ սիրով ընդունեցինք` որպես բիզնես-առաջարկ»,- ասաց Մեսրոպ Մովսիսյանը: «Ա1+» տնօրենը չբացառեց, որ հնարավոր է խնդիրներ ծագեն, քանի որ առջեւում քաղաքական պայքար է լինելու:
Լրագրողները հարցին, թե արդյոք սա ուժեղի կողմից փոքրին կուլ տալու քայլ չէ, նա պատասխանեց «Ես ինձ չեմ համարում փոքր: Կուլ տալու համար էլ հարմար չեմ, որովհետեւ փշոտ եմ»:
Հիշեցնենք, որ 2011-ին հեռուստաընկերությունների համար հայտարարված մրցույթում ՀՌԱՀ-ը կրկին անբավարար գնահատեց «Ա1+»-ի ներկայացրած ծրագիրը՝ նախապատվությունը տալով «Արմնյուզ»-ին: Շարունակվում են դատական գործընթացները «Ա1+»-ին եթեր չտրամադրելու վերաբերյալ, իսկ այս գործում՝ որպես երրորդ կողմ, ներգրավված է նաեւ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը: Մեսրոպ Մովսեսյանի խոսքով`«Ա1+»-ի շուրջ դատական գործընթացները չեն խանգարի համագործակցությանը, քանի որ՝ իրենց խնդիրը ոչ թե «ԱրմՆյուզ»-ի, այլ ՀՌԱՀ-ի հետ է:



























