Գեղարքունիքի մարզի «Վարդենիս» կայարանից 2 կմ դեպի հյուսիս գտնվող կամրջի վրա, որտեղ օրեր առաջ փլուզում էր եղել, այսօր` նոյեմբերի 17-ին, ժամը 8.00-ից վերականգնվել է գնացքների երթեւեկությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:

Նրա փոխանցմամբ` ամբողջ գիշեր մասնագետները աշխատել են, վերականգնել են կամուրջը, բայց ընթացիկ աշխատանքները կամուրջի վրա շարունակվելու են:

«Կամուրջը ենթակա էր ամբողջական վերանորոգման, այս տարի մենք սկսել էինք այդ գործընթացը, հիմնական ծավալուն բարդ աշխատանքները արդեն ավարտին էին հասցված, մնացել էր ընդամնեը մի քանի ընթացիկ աշխատանքներ, դեպքի օրը հիդրոմեկուսացման աշխատանքներ էին տարվում, նմանատիպ մի քանի ընթացիկ աշխատանք դեռ պետք է իրականացվի, որպեսզի կամուրջը համարվի կապիտալ վերանորոգված օբյեկտ: Քանի որ չունենք այլընտրանքային գծեր, մեր մոտ մեկ երկաթգիծ է, հետեւաբար` մենք համատեղում ենք կամրջի շահագործումը դրա վերանորոգման հետ, ուրիշ տարբերակ չունենք»,- ասաց նա:

Կամրջի փլուզման պատճառների մասին «ՀԿԵ»-ն դեռ վերջնական եզրակացություն չունի, նախնական վարկածների մասին էլ չի շտապում խոսել: Ինչպես նշեց մամուլի քարտուղարը, «կան կարծիքներ, տեսություններ, բայց չեն կարող հնչեցնել,քանի որ դրանք վերջնական չեն»: Երբ փլուզման պատճառների մասին վերջնական եզրակացություն կլինի, այդ ժամանակ էլ «ՀԿԵ»-ն կխոսա փոխհատուցման մասին:

«Բնականաբար, մեր ընկերության աշխատակիցներն են, բնականաբար մենք ուշադրություն կդարձնենք, աչքաթող չենք անելու, ընտանիքները համապատասխան աջակցություն եւ օգնություն կստանան, բայց եթե խոսենք հարցի իրավական տեսանկյունից, ապա այստեղ դեռ վաղ է խոսել փոխհատուցման մասին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս» կայարանից 2 կմ դեպի հյուսիս գտնվող կամուրջը փլուզվել է: Վարդենիսում կամրջի փլուզման հետեւանքով մահացած 3 եւ վիրավորված 2 անձինք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներ են: Փլուզման հետեւանքով մահացել են 55-ամյա Ներսես Մարտիրոսյանը, 56-ամյա Գագիկ  Ավետիսյանը, 56-ամյա Վարուժան Սարգսյանը, վիրավորվել 46-ամյա բնակիչ Արգամ Անտոնյանը եւ  57-ամյա Ռոբերտ Համբարձումյանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ  ՔՕ-ի 157-րդ հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը):