Բելգիայի մայրաքաղաք՝ Բրյուսել կատարած այցի շրջանակներում, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության անդամները դեկտեմբերի 5-ի երեկոյան հանդիպել են Բելգիայի եւ հարակից պետությունների հայ համայնքների հեղինակավոր կառույցների ղեկավարների ու պատասխանատուների հետ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ներկաները զրուցել են հայկական գաղթօջախներին ներկայումս առավել հուզող խնդիրների մասին՝ Հայաստանից արտագաղթողների աննախադեպ աճ, լեզվի, մշակույթի ու ավանդույթների պահպանության խնդիր ու ինքնության կորուստը վտանգող մի շարք այլ հարցերի, ինչպես նաեւ Հայաստան- Սփյուռք գործակցությունը որակական նոր մակարդակի վրա տեղափոխելու խնդիրներ:
Պաշտոնական այցի վերջին հանդիպումը Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ է կայացել: Շուրջ մեկ ժամ տեւած հանդիպման շրջանակներում Գագիկ Ծառուկյանը նախ ներկայացրել է այցի նպատակները, ընդգծելով որ ԲՀԿ-ն կարեւորում է եվրոպական գործընկերների հետ անձնական շփումներն ու օրակարգային մի շարք հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը: ԲՀԿ նախագահը ներկայացրել է նաեւ կուսակցության մոտեցումները Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացման ուղիների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ասոցիացման համաձայնագրի, ինչպես նաեւ վիզային ռեժիմի դյուրացման գործընթացին: Իր հերթին Շտեֆան Ֆյուլեն ընդգծել է, Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը խիստ անհրաժեշտ է, եւ այդ բարեփոխումների իրականացման համատեքստում կարեւորվում է նաեւ ԲՀԿ դերակատարումը:





























